211652_close_icon
views-count610 դիտում article-date 12:46 29-10-2026

Աբովյան քաղաքում «մարդաբոյ» փոսերով հարուստ Հանրապետության փողոցը կառավարության աջակցությամբ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ հիմնանորոգվել էր. թանաքը դեռ չչորացած՝ «Վեոլիա ջուրն» այն ավերակի է վերածել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 21-ին Ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ՀՀ կառավարության աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ Աբովյան քաղաքում իրականացվում ճանապարհների բարեկարգման, այդ թվում ասֆալտապատման աշխատանքներ, ինչի շնորհիվ հիմնանորոգվում են հետիոտնային անցումները, ասֆալտապատվում ոչ միայն գլխավոր ճանապարհները, այլ նաև բակային հատվածները, և դրա արդյունքում էլ աբովյանցիները հրաժեշտ են տալիս 30 տարուց ավելի անբարեկարգ, փոշոտ, անձրևին՝ ցեխոտ, երբեմն «մարդաբոյ» փոսերով հարուստ ճանապարհներին։

Ճանապարհների հիմնանորոգում է իրականացվում նաև դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ տանող ճանապարհներին և բակային գոտիներում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները ու թիվ 4-րդ դպրոց այցելող երեխաների ծնողները արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով. 

«30 տարուց ավելի երազել ենք, որ ունենանք որակյալ ճանապարհներ, հետիոտների համար անվտանգ անցումներ, որպեսզի մեր երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանենք ոչ փոշոտ, ոչ ցեխոտ, ոչ սառած ճանապարհներով, ու հույսներս կտրել էինք, թե երբևէ կտեսնենք նման որակյալ ճանապարհ։ Մեծ ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, թե ինչպես են կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ իր աշխատակազմը և ճանապարհաշինարարները Աբովյանը տեսքի բերում ու Աբովյանում օր օրի ճանապարհները դարձնում են ավելի անվտանգ ու ապահով։ Մեր՝ Հանրապետության փողոցում շարժը բավականին շատ է, կան դպրոցներ ու մանկապարտեզներ։ Այնքան ոգևորություն ապրեցինք, երբ տեսանք, որ այդ ճանապարհները հիմնանորոգվում է։ Բայց ցավոք մի քանի օր տևեց մեր ուրախությունը, երբ տեսանք , թե ինչպես մեծն «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի աշխատակիցները եկան, քանդեցին նոր արված ասֆալտը՝ պատճառաբանելով, թե ջրախողովակ են փոխում։ Էդ որ փոխում եք, լավ է, դժգոհ չեն, բայց աշխատանքը գոնե որակով արեք։ Մեկ-մեկ մեզ թվում է՝ «Վեոլիա ջուրն» այնպես է աշխատում, որ աջ ձեռքը չգիտի ինչ է անում ձախ ձեռքը։ Հիմա որ իդեալական ասֆալտապատված տարածքը ավիրեցիք, ո՞վ է ձեր հետևից էդ ավերակը վերացնելու, թե՞ մտածում եք ոչինչ Աբովյանի քաղաքապետարանն ու կառավարությունը մի բան կանեն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, այս օրերին ՀՀ Կառավարության օժանդակությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, Աբովյան քաղաքում շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքները։

Հոկտեմբերի 21-ին աշխատանքները սկսվել էին Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի և հարակից շենքերի բակային հատվածներում, մինչ այդ հիմնանորոգվել են դպրոց և բակեր տանող՝ հետիոտների համար նախատեսված ճանապարհները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Նախ առաջինը շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, ում աջակցությամբ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանն իր թիմով քաղաքն օր օրի շենացնում են։ Նման ասֆալտապատման աշխատանքներ մեր քաղաքում երևի եղել են սովետի ժամանակ՝ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, դրանից հետո միայն տեսել ենք, որ ճանապարհներին կոսմետիկ փոսալցումներ անեն, էն էլ՝ մի անձրև կամ ձյուն, ու էդ փոսերը նորից հայտնվում էին։

Այն, որ վերջին տարիներին մեր քաղաքապետի շնորհիվ ասֆալտապատում է իրականացվում ոչ միայն քաղաքի գլխավոր փողոցներում, այլ նաև բակային հատվածներում, դա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը նաև լուծում է ոչ միայն Աբովյանի գլխավոր փողոցների, այլև բակային հատվածների, խաղահրապարակների, դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման խնդիրը, որն անզեն աչքով էլ տեսանելի է։ Կույր պետք է լինես, որ չտեսնես այդ ահռելի աշխատանքը Աբովյանի շենացման գործում և ուղեղից էլ կախ, որ չգնահատես այն աշխատանքը, որը կատարվում է ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի սերտ համագործակցության արդյունքում։

Իմացել ենք նաև, որ այդ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու մեր քաղաքապետը առանց շոու անելու այցելել են Աբովյան, հետևել աշխատանքներին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանին, Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին, այս օրերին ամբողջ Աբովյանում ճանապարհաշինությամբ զբաղվող «Լեվ Վաս» ընկերությանը, ովքեր մեր քաղաքը փրկում են փոշուց ու ցեխից, քանի որ գիտեք՝ վատ ճանապարհները պատճառ են դառնում ամռանը փոշի շնչելու, անձրևին ու ձմռանն էլ ցեխաջրերով անհարմարություններ պատճառելու մեջ»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր