211652_close_icon
views-count784 դիտում article-date 11:16 26-10-2026

Կառավարության ֆինանսավորմամբ Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որը վերջին անգամ վերանորոգվել էր 30 տարի առաջ, առաջիկայում 300-ից ավելի աշակերտների առաջ իր դռները կբացի նոր միջազգային չափանիշներին համապատասխան հիմնանորոգված.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և օժանդակությամբ հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակում իրականանալ դպրոցաշինության ոլորտում։ Վերանորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք, կարելի է ասել, չեն զիջում աշխարհի առաջատար շատ երկրներում նմանատիպ դպրոցներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ու օժանդակությամբ առաջիկայում հերթական հիմնանորոգվող դպրոցը կհանձնվի շահագործման Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։

Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը գործել է դեռ սովետական տարիներից ու մի քանի անգամ կոսմետիկ վերանորոգում է իրականացվել, սակայն հիմա կարելի է ասել ոչ թե հիմնանորոգվել է, այլ զրոյից նոր դպրոց է կառուցվել։ Ամեն մանրուք հաշվի է առնվել, առանձին կառուցվել են կաթսայատուն, մարզադաշտ ու մարզադահլիճ, խաղահրապարակ, ապամոնտաժվել ու հեռացվել են կոյուղատարերն ու սանհանգույցները, փոխարենը դրվել են նորը՝ ավելի որակյալ ու եվրոպական չափանիշներին համապատասխան։

Դպրոցը հագեցվել է նաև ամբողջությամբ նոր գույքով․ դասասենյակներից հանվել է հին գույքը, և հիմա արդեն, երբ դպրոցը հանձնվի շահագործման, 300-ից ավելի երեխաներ իրենց դասապրոցեսն անցկացնելու նոր թարմացված գույքով։

Հիմնովին փոխվել է նաև տանիքը, տարածքում էլ տնկվել են նոր ծառատեսակներ, փոխվել են ոռոգման ջրագծերն ու կոյուղատարերը, մարզադահլիճն էլ ամբողջությամբ կահավորվել է նոր մարզագույքով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, մեր Արտենի բնակավայրի ղեկավարին, Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որ մեր խնդրանքն անպատասխան չմնաց, քանի որ ամիսներ առաջ խնդրանքով դիմել էին, որպեսզի մեր դպրոցը ևս վերանորոգվի ու անակնկալի եկանք երբ տեղեկացանք, որ ոչ թե վերանորոգում, այլ հիմնանորոգում են։ Հիմա արդեն երբ առաջիկայում հիմնանորոգումը ավարտվի, գյուղի 300-ից ավելի երեխաներ հաճախելու են ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ժամանակակից մարզագույքով հագեցված դպրոց։ Էլ չենք ասում, որ սանհանգույցները, ճաշարանը այսօր արդեն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Դեռ սովետական տարիներից երազել էին նմանատիպ դպրոց ունենալ գյուղում ու վերջապես մեր ցանկությունը իրականություն դարձավ։ Ճիշտ է, մի քիչ նեղվեցինք, որ Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով պատրաստված նկարը ապամոնտաժվել, բայց մեր գյուղը մի մարդու նման կանգնեց ու ամիսներ անց մեր սիրելի զորավարի նկարը տեղադրվելու է նրա անվան փողոցում գտնվող մշակույթի տան պատին որի հարևանությամբ էլ մեր Արտենի գյուղի հերոս նահատակված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվելու»։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ աշխատանքներին տեղում հետևելու նպատակով մի քանի անգամ անակնկալ դպրոց են ժամանել Արագածոտնի մարզպետ Ս. Մովսիսյանը և Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տ. Սափեյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։

Հոկտեմբերի 24-ին ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել էր, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու է գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։

Արդեն աշխատանքները սկսվել էին, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ կվերականգնեն նկարը, ապա՝ կտեղադրեն։ 

Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի էր կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։

Արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնել։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեին հեռացնել, թույլ չտային։

Հոկտեմբերի 23-ին հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնացել էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնացել, սպասել էին՝ տեսնելու, թե ինչ էին որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր