211652_close_icon

Արարատի մարզի Բարձրաշենի դարն ապրած, ամեն պահի փլուզման ենթակա դպրոցը Կառավարության որոշմամբ ապամոնտաժվեց․ փոխարենը սկսվել է նոր, միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցի կառուցումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count4041 դիտում article-date 22:26 17-08-2025
Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում ՀՀ կառավարության կողմից իրականացված դպրոցաշինական աշխատանքներում մեծ առաջընթաց կա՝ անհերքելի փաստ է։

Վերջին շրջանում ոչ միայն մեծ թվով դպրոցներ են վերանորոգվել այլև հները ապամոնտաժվել է ու տեղը կառուցվել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան, բոլոր հարմարություններով, աշխարհի շատ շինությունների չզիճող դպրոցներ։

Տարիներ առաջ՝ ավելի կոնկրետ 2020 թվականի հուվարի 15-ին, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցում արշալույսները խաղաղ չէին բացվում, իրավիճակն էլ ամբողջությամբ լարված էր ու պատճառը այն էր, որ տարբեր տարիների իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոստացել էին, որ գյուղի վթարային իրավիճակում հայտնված դպրոցի շենքը պետական միջոցներով կվերանորոգեն, անգամ մի քանի մարզպետներ ու այն ժամանակվա Կրթության, գիտության նախարարության պաշտոնյաներ էին այցելել դպրոց ու ողջ կոլեկտիվին, սովորողներին, նրանց ծնողներին խոստացել, որ ամեն ինչ արվում է դպրոցը փլուզումից փրկելու համար, բայց օրերը՝ հայտնի Գիքորի նման «մթնում, անց էին կենում» ու հարցը մնում էր չլուծված։

2020 թվականի հունվարի 15-ին, երբ արդեն կոլեկտիվի, երեխաների ու նրանց ծնողների համբերության բաժակը լցվել էր դպրոց ժամանեցին պատասխանատուներ ու դարձյալ խոստումներ տվեցին, սակայն ներկաները թերահավատ էին, ասելով, որ չեն վստահում խոսքերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ դպրոցի վերանորոգման հարցով քննարկում է տեղի ունեցել Կառավարությունում, որին ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Արարատի մարզպետը և այլ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ, որի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորից առանձին-առաձնին պարզաբանումներ է պահանջել դպրոցի վերանորոգման համար ու տեղում պարզվել է, որ վթարային վիճակում գտնվող դպրոցը ոչ թե պետք է վերակառուցվի, կամ, առավել ևս՝ վերանորոգվի, այլ պետք է նորը կառուցվի ու վարչապետի հանձնարարականով տեղում իրավիճակին ավելի խորքային ծանոթանալու համար ժամանել են գյուղ և արդեն մասնագիտական եզրակացությունը վարչապետի սեղանին դնելուց հետո Կառավարությունը որոշում է կայացրել, որ պետք է զրոյից, ավելի հարմարավետ, առանձին կաթսայատնով, ֆուտբոլի դաշտով, բուժկենտրոնով, լաբորատորիաներով, առանձին խոհանոցով, հարմարավետ դասասենյակներով, մարզական, մշակույթային դահլիճներով դպրոց կառուցվի ու հանձնվի բարձրաշենցիներին։
Արդեն աշխատանքները տևական ժամանակ է սկսվել է ու հաշված ամիսներ հետո Բարձրաշենի ամեն պահին փլուզման ենթակա դպրոցին փոխարինելու է նոր, միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բարձրաշենցիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Այն ժամանակ, որ դպրոց եկած պատասխանատուները խոսատացան, թե դպրոցը կվերանորոգվի, թերահավատորեն նայեցինք, բայց հիմա տեսնում ենք, որ մեզ էլ բախտը ժպտաց ու շուտով մեր երեխաները դասապրոցեսը կանցկացնեն այնպիսի կրթօջախում, որին կերազեին անգամ մայրաքաղաքի շատ ու շատ դպրոցներ։

Գիտենք, որ բարձր սեյսմակայունությամբ կառուցվող դպրոցի շենքը երեխաների ուսման առաջադիմության համար նոր գրավական է դառնալու։

Լավ է նաև, որ շինարարությունում աշխատում են գյուղից մեծ թվով մարդիկ, ովքեր պետք է արտագնա աշխատանքի մեկնեին, բայց մնացել են ու գյուղի երեխաների համար նման դպրոց կառուցեն։ Տեսել ենք նախագիծը ու մնացել ենք հիացած։ Այսքան լուսավոր, հարմարավետ, ընդարձակ միջանցքներով, նախատեսվող գույքով դպրոցում իհարկե երեխաները հաճույքով կսովորեն և ուզում ենք հավատանք, որ նախատեսված ժամանակում շինարարությունը կավարտվի և անհարկի ձգձգումներ չեն լինի»։

Ինչպես ավելի վաղ՝ 2020 թվականի հունվարի 15-ին տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում:

Գյուղի միակ դպրոցում էին հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները, գյուղապետարանի պատասխանատուներն ու դպրոցի ուսուցչական անձնակազմը: Նրանք դպրոց ժամանած Արարատի մարզպետի խորհրդականից ու մյուս պաշտոնյաներից պահանջում էին հստակ պատասխան, թե ի վերջո երբ են դպրոցի՝ եթե ոչ կապիտալ, ապա մասնակի հիմնանորոգման աշխատանքները սկսվելու, երբ է դպրոցը ունենալու կայուն ջեռուցում, որպեսզի կարողանան երեխաներին առանց անհանգստանալու ուղարկեն դպրոց:

Դպրոցի ուսուցչանոցում թեժ քննարկում էր գնում և մարզպետի խորհրդականը ծնողներին հորդորում էր, որպեսզի երեխաներին բերեն դասի, ինչը զայրացրեց գրեթե բոլորին ու նրանք պահանջում էին, որ մարզպետն անձամբ խնդրին խառնվի, որպեսզի այն լուծվի:

«20 տարուց ավելի է՝ չենք կարողանում դպրոցի ջեռուցման հարցը լուծել, հիմա եկեք, ապացուցեք, որ նախորդ իշխանություններից տարբերվում եք, իսկ այդ հարցը ցանկութան դեպքում կարող եք լուծել»:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ անգամ մութ ու ցուրտ տարիներին դպրոցում դասապրոցեսը չի խաթարվել, վերջին տարիներին էլ ծնողները, վստահելով երկարամյա տնօրենին, անգամ այդ պայմաններում երեխաներին չէին զրկել դպրոց հաճախելուց:

«Հիմա մեր համբերության բաժակը լցվել է»,- ասում էին ծնողները: «Ուզում ենք մեր երեխաների համար դասապրոցեսը պատշաճ ապահովեն: Համաձայն ենք այն դիտարկմանը, որ դպրոց հաճախող երեխաներն ու ուսուցիչները «կամիկաձեներ են»:

Ամեն պահի կա շենքի փլուզման վտանգ: Ինչ է, սպասում ենք, որ ողբերգական դեպք լինի, նոր տեղներիցդ ժաժ գա՞ք: Մենք քանի տարի է, տնօրենին ու ուսուցիչներին ընդունելով, հարգել ենք նրանց ավանդը մեր երեխաներին ուսման տալու գործում, բայց հիմա ստիպված ենք մերժել նրանց հորդորը և երեխաներին չենք բերելու դպրոց, մինչև խնդիրը չլուծվի: Մենք նաև լավ գիտենք որ խնդիրը 1-2 ամսում հնարավոր չէ լուծել, բայց գոնե այս իշխանությունները բարի կամք դրսևորեն ու մեզ՝ Բարձրաշենցիներիս ապացուցեն, որ իրենք մտահոգ են խնդրով և այն վերջնական լուծում կստանա: Միևնույն է, եթե խնդիրը չլուծվի, մենք մեր երեխաներին չենք ուղարկելու դպրոց, քանի որ ոչ միայն անվտանգությունը չի պահպանվում, ոչ միայն ջեռուցումը չի պահպանվում, այլև դպրոցն անգամ չունի սանիտարահիգիենիկ պայմաններ՝ սանհանգույցներ մտնելիս ոչ ջուրն է գործում, ոչ էլ կան հարմարություններ:

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր