211652_close_icon
views-count11131 դիտում article-date 18:26 25-10-2026

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում. բախվել են «Lamborghini Urus»-ը, «BYD»-ն, «Toyota Land Cruiser»-ը և «Hongqi»-ն․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է, խցանումն էլ հասնում է մի քանի կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։

Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սիսակ Հայրապետյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից անչափահասը տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից