211652_close_icon
views-count244 դիտում article-date 21:10 22-09-2026

Մեկ շաբաթ է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել ու ջուրը մի քանի կմ հոսում է․ «Վեոլիա ջուրն» ու Աջափնյակի թաղապետը «ուղտի ականջում քնած են» ու բնակիչների «ականջին լապշա են կախում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ «Վեոլիա ջուրը» հանրապետությունում բնակչության մեծամասնության մոտ բացասական գնահատականի է արժանանում, դրա հիմնական մեղավորը հենց  «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության կողմից կատարված փնթի ու ոչ պարտաճանաչ աշխատաոճն է։ Արդեն 1 շաբաթ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Պարսեղով փողոցի վերջնամասում՝ դեպի Եղիազարյան փողոց տանող հատվածում, ըստ բնակիչների խմելու ջրի մագիստրալի վնասման պատճառով ջուրը կորչում է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում  «Վեոլիա ջրին», Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանին, Երևանի քաղաքապետարանի թեժ գծին՝ ասելով, որ նշված 3 կառույցներն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ կարծես ջայլամի կեցվածք ընդունած լինեն։

Բնակիչներն ասում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում թողնեն ջուրը կորչի։ Մինչդեռ շատ երկրներում եթե նման խնդիր է լինում, ժամերի ընթացքում վթարը վերականգնվում է։ Իսկ մեզ մոտ՝ Երևանում, 1 շաբաթ է այս խնդիրը կա, 1 շաբաթ է պատկան մարմիններին տեղեկացնում ենք խնդրի մասին, սակայն տպավորություն է, որ առաջնորդվում են «էշ, մի սատկի գարուն կգա» կարգախոսով։ Հարյուրավոր բնակիչներ կանոնավոր վճարումները կատարում են, անգամ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են տալիս, իսկ էս ջրի կորուստը վստահ ենք, «Վեոլիա ջուրը» մեր քթերից է հանելու։ Էլ չենք ասում, որ ջուրը լցվում է մարդկանց տների նկուղներ, ինչն էլ պարարտ հող է դառնում, որ տների հիմքերը թուլանան ու այն դառնա վթարային։

Մեկ շաբաթ է տեսանք, որ այդ 3 կառույցներում քար լռություն է, որ անտարբերություն են ցուցաբերում ու ստիպված այսօր առավոտյան էլեկտրոնային եղանակով խնդրի մասին տեղեկացրել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, վստահ լինելով, որ այդ հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այս խնդիրը կլուծի։ Հույսներս հիմա միայն այդ հանձնաժողովն է, որ խմելու ջրի կորստի դեմն առնեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված խողովակի ջուրը մոտ 3-4 կիլոմետր հոսում է, իսկ թաղապետը, որ օրեր  առաջ ամպագոռգոռ հայտարարություններ էր տարածում, երբ Շինարարների փողոցում ապամոնտաժում ու քանդում էին մարդկանց հանապազորյա հաց ստեղծելու համար օգտագործվող կրպակները, ասում էր, թե «ես ի շահ իմ բնակչի եմ այդ ամենն անում»։ Հետաքրքիր է․ եթե մեկ շաբաթ է խմելու ջուրը քո վարչական տարածքում գնում, կորչում է, ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չես փորձում «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի գան ու վթարը վերացնեն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր