211652_close_icon

Մինչ աշխարհը պայքարում է խմելու ջուրն աչքի լույսի պես պահելու համար, «Վեոլիա ջրի» անպատասխանատու աշխատանքի արդյունքում Արգավանդում մի քանի ամիս է՝ խմելու ջրի խողովակը վնասվել է ու ջուրը լցվում է բնակիչների տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1054 դիտում article-date 12:53 14-11-2025
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրի Սուրբ Սարգիս զորավարի 2-րդ փողոցի բնակիչները չգիտեն՝ էլ որ կառույցին դիմեն, որպեսզի իրենց փողոցում մի քանի ամիս վնասված խմելու ջրի խողովակը սարքեն, որպեսզի խմելու ջուրը չկորի:
 
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«Արդեն հոգնել ենք «Վեոլիա ջրից», էդ ընկերությունը մեզ համար դարձել է մեր աչքի փուշը: Փուշը որ փուշ է, էդպես չի ծակում ու ցավեցնում, ինչպես որ էդ ընկերությունը:
 
Մի քանի ամիս առաջ էր՝ խմելու ջրի խողովակը մեր փողոցում վնասվում է, ինչից ջրի արտահոսք է սկսվում: 

2 ամիս գրեթե ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջուր», ու միայն 2 ամիս անց «Վեոլիա ջրից» ժամանեցին ու խոստացան, որ վթարը կվերականգնեն, բայց ինչ իմանայինք, որ վթար վերականգնելն իրենց մոտ նշանակում է դարն ապրած ջրախողովակի վրա, վնասված հատվածում չիվի խփել: 
 
Փայտից չիվին խփեցին ու համարեցին իրենց գործն ավարտված, գնացին: 
 
Էս արդեն 1 շաբաթից ավելի է՝ նույն տեղից խմելու ջուրը դուրս է տալիս, լցվում տներ, հոսում փողոցներով: 
 
Նորից սկսեցինք զանգահարել «Վեոլիա ջուր», այս անգամ մի դարակազմիկ պատասխան տվեցին, թե դա մեր գործը չէ, բնակիչը պետք է վթարը վերացնի, բայց եթե փողոցը պետական է, և ջրախողովակն անցնում է այդ հատվածով, ուրեմն, հարգարժան «Վեոլիա ջրի» աշխատակիցներ, դա դուք պետք է անեք: 
 
Վերջին օրերին էլ չեն էլ պատասխանում հեռախոսազանգերին: 
 
Ամբողջ Իրանը խառնվել է իրար, որ իր մոտ՝ մայրաքաղաքում, ջրի սով է սկսվում, իսկ մեզ մոտ խմելու ջուրը կորում է, իսկ դրա պատասխանատու «Վեոլիա ջուր»-ը ջայլամի քաղաքականություն է վարում ու փորձում է մեր ականջներին լապշա կախել:
 
Հիմա ոչ «Վեոլիա ջրին» ենք հավատում, ոչ էլ մեր վարչական շրջանի ղեկավարին: 
 
Ուզում ենք դիմել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, որպեսզի ինքը միջամտի, էս խմելու ջրի կորստի դեմն առնել տա, նրա մի զանգը «Վեոլիա ջրին», վստահ ենք, բավական է, որպեսզի այդ ընկերությունը մոտենա ու որակյալ ձևի աշխատանք կատարի, այլ ոչ թե 2 ամիս առաջվա նման գա մի հատ չիվի խփի ու գնա»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր