211652_close_icon
views-count2848 դիտում article-date 13:25 07-09-2026

Ճանապարհաշինարարները Մերձավանը վերածել են «Սոդոմ-գոմորի». կառավարությունը միլիոնավոր դրամներ է ներդրել, իսկ ճանապարհ կառուցողները տեղում դոփում են. 4 աշխատողներից 3-ը հնդիկ են, ովքեր ասում են՝ «սպասում ենք բալգարկա բերեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Հուլիսի 10-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ճանապարհների վիճակի մասին, երբ երկար ու ձիգ ամիսներ ճանապարհաշինարարները ցուցաբերում էին ոչ սրտացավ մոտեցում, ինչի պատճառով էլ հազարավոր վարորդների ու տեղաբնակների մոտ արդարացիորեն զայրույթ էր առաջացել այդ վայ ճանապարհաշինարարների նկատմամբ։

Դեռ այն ժամանակ՝ նկարահանման պահին, մի «նորաթուխ» երիտասարդ ներկայանում էր, որ ինքն է պատասխանատուն, և 15 օր հետո կարող ենք այցելել ու տեսնել, որ աշխատանքները ավարտվել են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոչ միայն նույն պատկերն է, այլ էլ ավելի վատ վիճակ է։

Բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Արմավիրի մարզպետին՝ ասելով. 

«Մարզի թիվ 1 պատասխանատուն եթե գոնե մեկ անգամ բարեհաճեր ու ժամաներ Մերձավան և ցուցաբերեր հետևողականություն, ապա այս ճանապարհի հիմնանորոգումը մոտ մեկ տարի չէր երկարի։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում կրիայի հոգեբանությամբ աշխատեն։ Ասում են՝ մենք գնում ենք Եվրոպա։ Եվրոպայում մարդիկ անգամ մեկ օրում են ճանապարհը հիմնանորոգում ու կառուցում։ Ու էս խելքով մարզպետը ուզում է մեզ՝ մերձավանցիներիս, ու հարյուրավոր վարորդների ապացուցի, որ ինքը մինչև ուղնուծուծը մտածում է Արմավիրի զարգացման ուղղությամբ, երևի գիշերներն էլ չի կարողանում քնել։ Բայց վայ էն մարզպետին, ով հետևողականություն չի ցուցաբերում իր մարզը ծաղկեցնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ կառավարությունը միլիոններ, անգամ միլիարդներ է ներդնում ճանապարհների հիմնանորոգման, նույնիսկ նորերի կառուցման ուղղությամբ։

Տեսնում ենք մարզեր, որտեղ մարզպետները ցուցաբերում են հետևողականություն, իսկ Արմավիր էս մեր մարզպետը մենակ թողնես Կոբզոնի սանրվածքով, հեքիաթային հայացքով սարեր խոստանա։ Կփորձի արդարանալ, թե ճանապարհները հիմնանորոգում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, դա մենք էլ շատ լավ գիտենք, բայց որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա՝ դուք պարտավոր եք ցուցաբերել հետևողականություն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր աշխատանքներում ներգրավված էին 4 քաղաքացիներ, որոնցից 3-ը՝ հնդիկ, և պատճառաբանում էին, թե գործը կանգնել է, քանի որ պատասխանատուն դեռ «բալգարկա» չի բերել։ Հիմա որ ասես՝ «էս ճանապարհաշինարարի ուղեղը բալգարկայով հանել են», կասեն՝ ասացին։  Այց կառավարությունից ճիշտ կանեն նման ճանապարհաշինարարներին այդ միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր գումարները չտրամադրեն, մինչ չավարտվեն աշխատանքները, ինչից հետո ստուգեն որակը, նոր հատկացնեն գումարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com, վերջին տարիներին կառավարության ֆինանսավորմամբ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում իրականացվել ու իրականացվում էին ճանապարհների հիմնանորոգման, որոշ մարզերում նորերի ստեղծման աշխատանքներ, ինչը ողջունելի էր վարորդների և քաղաքացիների կողմից։

Ճանապարահաշինարարության մեծ աշխատանքներ էին իրականացվել նաև Արմավիրի մարզում, բայց ցավոք, որոշ ճանապարհաշինարարներ ոչ միայն չէին պահպանել անվտանգության կանոնները, ճանապարհներին չէին տեղադրել նախազգուշական նշանները և լուսային փարոսիկները, ինչը երբեմն՝ հիմնականում գիշերային ժամերին, վթարների ու վրաերթերի պատճառ էր դառնում, և դրան գումարած՝ բեռնատարների երթևեկության ժամանակ փոշին կարծես թե երկինք էր հասնում։

Նման ճանապարհ էր նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում, որտեղ, ըստ բնակիչների, բարձիթողի վիճակ էր տիրում։

Ջրանցքի վրայով պետք է կառուցվեր բետոնե ծածկ, որը մրցույթը շահած ճանապարհաշինարարական կազմակերպությունը թողել էր կիսատ, ինչպես նշում էին քաղաքացիները, փնթի։

Հուլիսի 10-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները իրենց զայրույթն էին ուղղել պատասխանատուներին՝ ասելով․ «Ձեր սկսած լավ գործը գոնե ավարտին հասցրեք, որ վերջում ձեզ լավով հիշենք, այլ ոչ թե ամեն օր այս ճանապարհով երթևեկելիս ոչ միայն մենք, այլև կանչով բուժառուի տուն ժամանող շտապօգնության վարորդները, ովքեր բուժառուի տուն եթե առաջ հասնում էին րոպեների ընթացքում, ապա հիմա 1,5 ժամից ավելի է պահանջվում, իսկ վերջերս էլ խոշոր հրդեհի վայր հրշեջ մեքենաներն ու ջրատարները մեծ դժվարությամբ էին հասել»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր