211652_close_icon
views-count2392 դիտում article-date 10:15 07-09-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Նոր Արեշում «Nissan Teana»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել»-ին, ապա գազատար խողովակների հենասյուներին և կոտրել դրանք․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Նոր Արեշ 11-րդ փողոցում՝ թիվ 100 հասցեի դիմաց, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակների հենասյուներին և կոտրել դրանք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտաշես Պետրոսյանը, Վարդան Բաբախանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր