211652_close_icon
views-count1018 դիտում article-date 17:20 05-09-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում․ Օհանով փողոցի բազմաբնակարանային մի քանի շենքերի մոտ 400 բնակիչներ ասում են․ «Էշին փալան չեկավ, մեզ էլ թաղապետ, իսկ «Վեոլիա ջրի» շնորհիվ էլ շենքի բակում ստեղծվել է կեղտաջրերի ջրամբար»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով փողոցի 16, 18 և 20 բազմաբնակարանային շենքերի բնակիչների համար թևավոր խոսք է դարձել՝ «Էշին փալան չի գալիս, մեզ էլ թաղապետ»։

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված շենքերի բնակիչները, արդարացիորեն զայրացած, իրենց խոսքն էին ուղղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով․

«Ո՞վ է տեսել 21-րդ դարում, որը համարվում է նաև տեխնիկայի զարգացման դարաշրջան, ամիսներ շարունակ դիտահորերից ու կոյուղատարերից կեղտաջուրը դուրս գա ու մի ամբողջ բակ վերածվի գարշահոտի՝ իր վտանգավոր հետևանքներով։ Ում ասես դիմել ենք, է՛լ թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ համատիրություն։ Ասես, չասես՝ էնտեղ նստածները ասես մեր արյունը քաշեն։ Ո՞վ է տեսել՝ կոմունալ վճարումները տաս, «Վեոլիա ջրի» վարձը տաս, բայց փոխարենը դրանց փնթի ու ոչ սրտացավ աշխատանքի պատճառով նման իրավիճակ է ստեղծվել։ Չգիտենք էլ՝ ում դիմենք։ Երևի հենց միանգամից էլ դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հակառակ դեպքում մեկ ա՝ ոչ թաղապետից խեր կա, ոչ «Վեոլիա ջրից»։

Արդեն էս աստիճան են անգրագիտություն ցուցաբերել, որ բարձր լարման էլեկտրալարերը էդ կեղտաջրերի միջով անցնում են։ Պատկերացնում եք՝ մի թեթև հատվածում բաց լինի լարերը, մարդիկ էդտեղ հաստատ կհոսանքահարվեն։ Արդեն մեր համբերության բաժակը ցրվել է։ Թաղապետը կարդարանա, կասի՝ ես նոր եմ, «Վեոլիա ջուրն» էլ «մուկն ու կատու է խաղում», մի օր այլ բան է ասում, մեկ օր՝ այլ։ Հիմա ո՞վ պետք է էս անտանելի վիճակից փրկի մեզ՝ 400 հարյուրից ավելի բնակիչների։ Էդ թողնում ենք քաղաքապետ Տ․ Ավինյանի խղճին»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր