211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայի մի քանի բազմաբնակարանային շենքերի բակերում․ այն զգացվում է անգամ 500 մետրից․ խաղահրապարակներն ու շենքերի նկուղները լցված են կեղտաջրերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8512 դիտում article-date 19:19 11-01-2026
Տևական ժամանակ է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 129 բազմաբնակարանային շենքի և դրան հարակից հատվածներում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին, բնակիչները Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ տեսնելով, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ավելի շատ «ճառ է ասում, քան զանգ կախում», չսպասելով այդ ընկերության պատասխանատուների ժամանմանը, իրենց միջոցներով բակով անցնող մի քանի դիտահորեր, որոնք լցված են եղել կեղտաջրով ու հոսում էին մի քանի կիլոմետր, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ խցանված դիտահորերը բացել են, բայց ցավոք մեկ օր անց նորից բնակիչները հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ։ Կեղտաջրերը նորից դիտահորերից դուրս են թափվել ու մինչև այսօր արդեն տաս օր է, հոսում են փողոցով՝ տարածելով գարշահոտություն։

Այսօր՝ հունվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Մի քանի 9 հարկանի շենքեր կան այս հատվածում ու գրեթե բոլոր շենքերի նկուղները որոշ տեղերում անգամ մեկուկես մետր լցված են կեղտաջրերով։ Նախ առաջին հերթին, որպես բնակիչներ, պարտաճանաչ վճարումներ կատարող քաղաքացիներ անհանգստացնում է այն փաստը, որ «Վեոլիա ջրի», քաղաքապետարանի անգործության պատճառով շենքի հիմքերը խարխլվում են։ Եթե այսպես շարունակվի անտարբերություն ցուցաբերվել պատկան մարմինների կողմից, մեկ տարին էլ է շատ, որ շենքերի հիմքերի «հերը անիծվի» ու դառնա վթարային։ Երկրորդ անհանգստացնող վիճակը նա է, որ գարշահոտության պատճառով ամեն մի հիվանդություն հնարավոր է տարածվի։ Ասում են պայքարեք «կորոնայի» դեմ, պահպանեք սանիտարահիգիենիկ պայմանները, մենք էս վիճակում ոնց անենք, որ այդ ամենը պահպանենք, երբ գարշահոտը անգամ կես կիլոմետրից է զգացվում։

Ասում են՝ մենք ճանապարհ ենք բռնում դեպի Եվրոպա։ Եվրոպայում նման բան լիներ, էլ «Վեոլիա ջուր», էլ պատասխանատուներ՝ անարգանքի սյունին կգամվեին և օրերի ընթացքում խնդիրը կլուծեին։

Մի քանի անգամ մենք բնակիչներով են մեր ուժերով խցանված դիտահորերը բացել։ Մեկ-երկու անգամ էլ Մալաթիայի թաղապետն է օգնության ձեռք մեկնել, բայց էս խնդիրը մեր կարծիքով «Վեոլիա ջրի» տիրույթում է։ Էն որ ասում են, «որտեղ է թաղված շան գլուխը», դա «Վեոլիա ջրի» տակ է։ Սկզբից եթե այդ ընկերությունը ասում էր, թե կգանք, խնդիրը կկարգավորենք, ապա էս տաս օր է մեր հեռախոսազանգերին «Վեոլիա ջրից» պատասխանում են, թե դա մեր գործը չի, դիմեք թաղապետարան, համատիրություն։ Բա եթե «Վեոլիայի» գործը չի, ինչու ենք մենք, որպես պարտաճանաչ հարկատու վճարումները կատարում։ Էդ դեպքում փողը կմուծենք, կամ քաղաքապետարան, կամ թաղապետարան, կամ համատիրություն՝ կիմանանք, որ անտեղի վճարումներ չենք կատարել»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր