211652_close_icon
views-count466 դիտում article-date 14:41 31-08-2026

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. Սվաճյան փողոցի բազմահարկ շենքերի բակում կեղտաջուրը լցվում է փողոցով մեկ. բնակիչները երեխաներին այստեղով են տանում մանկապարտեզ ու դպրոց, իսկ թաղապետն ու «Վեոլիա ջուրը» իրար վրա են գցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 46 և հարակից շենքի բնակիչները չգիտեն էլ որ կառույցին դիմեն, որ տարածքը փրկեն գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Մալաթիա-Սեբաստա վարչական շրջանի ղեկավարի ու «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին։

Բնակիչներն ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է էս խնդիրը կա։ Երկար ու ձիգ տարիներ է կեղտաջուրը դուրս է գալիս, անցնում փողոցներով մեկ, իսկ գարշահոտն էլ զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք Մալաթիայի թաղապետարան, «Վեոլիա ջուր», բայց իրար վրա են գցում։ Մի քանի անգամ Վեոլիա ջուրը եկել, խցանումը վերացրել է, բայց 2-3 օր հետո նույն պատկերն է։ Պարզապես էլ չենք դիմանում, հույս էլ չունենք ոչ թաղապետից, ոչ էլ «Վեոլիա ջրից»։

Հիմա մեր խնդրանքն ուղղված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե մի բան անի, քաղաքապետը կանի, թե չէ թաղապետն ու «Վեոլիա ջուրը» իրար վրա են գցում, թե ով պետք է էս խնդիրը վերջնական լուծի։

Երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք տանում այս ճանապարհով։ Հետաքրքիր է, թաղապետարանի ու «Վեոլիա ջրի» աշխատակիցները իրենց երեխաներին նման ճանապարհով կտանեի՞ն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր