211652_close_icon
views-count640 դիտում article-date 23:26 03-09-2026

Եթե Աստված մեզ ներել է այն ժամանակ, երբ մենք արժանի չենք եղել ներմանը, ապա ինչո՞ւ ենք մենք երբեմն մեկ սխալի պատճառով մարդուն ամբողջությամբ դատում. Տեր Հեթում

Մարդը հաճախ Աստծուն չափում է իր մարդկային չափանիշներով։ Մենք ներելու սահմաններ ունենք, համբերության սահմաններ ունենք, սիրո մեջ անգամ պայմաններ ենք դնում։ Իսկ Աստծո ողորմությունը սահման չունի, որովհետև այն ծնվում է ոչ թե մեր արժանիքից, այլ Աստծո անսահման սիրուց, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Որքա՞ն է Աստծո ողորմությունը։ 

Տեր Հոր խոսքով՝ այն այնքան մեծ է, որ Աստված մեզ չի սիրում միայն այն ժամանակ, երբ մենք լավն ենք։

«Նա մեզ սիրում է նաև այն ժամանակ, երբ մենք ընկնում ենք, մոլորվում ենք, հեռանում ենք Իրենից։ Աստծո ողորմությունը չի նշանակում, որ Աստված չի տեսնում մեր մեղքը։ Ընդհակառակը՝ Նա տեսնում է մեր ամբողջ թուլությունը, բայց մեր մեղքից ավելի մեծ է համարում մեր վերադարձի հնարավորությունը։

Մարդը հաճախ ասում է. «Ես շատ եմ սխալվել, Աստված այլևս չի կարող ինձ ներել»։ Բայց սա երբեմն ոչ թե խոնարհության, այլ մեր սահմանափակ պատկերացման արդյունքն է։ Մենք Աստծո սերը փորձում ենք տեղավորել մարդկային սիրո չափերի մեջ։ Իսկ Ավետարանը մեզ հիշեցնում է, որ Աստծո ողորմությունը ավելի մեծ է, քան մարդու անկումը։

Անառակ որդու առակը հենց այս մասին է։

Որդին հեռացավ, վատնեց իր ժառանգությունը, կորցրեց իր արժանապատվությունը և վերադարձավ՝ նույնիսկ չիմանալով՝ արդյոք հայրը կընդունի իրեն։ Բայց հայրը չսպասեց, մինչև որդին հասներ տան դռանը։ Նա ընդառաջ գնաց։

Այստեղ է Աստծո ողորմության մեծագույն խորհուրդը․ երբ մենք մեկ քայլ ենք անում դեպի Աստված, Աստված մեզ ընդառաջ է գալիս։

Սակայն Աստծո ողորմությունը չպետք է մեզ դարձնի անտարբեր մեր կյանքի նկատմամբ։ Ողորմությունը թույլտվություն չէ մեղքի համար։ Այն հնարավորություն է ապաշխարության համար։ Աստված չի ասում՝ «Մնա այնպիսին, ինչպիսին կաս»։ Նա ասում է՝ «Վերադարձիր»։

Ողորմությունը Աստծո այն հայացքն է, որի մեջ մարդը տեսնում է ոչ միայն իր անցյալը, այլև իր հնարավոր ապագան։

Եվ այստեղ սկսվում է մարդու պատասխանատվությունը։

Եթե Աստված այդքան ողորմած է մեր հանդեպ, ապա մենք ինչպիսի՞ն պետք է լինենք միմյանց հանդեպ։ Եթե Աստված մեզ ներել է այն ժամանակ, երբ մենք արժանի չենք եղել ներմանը, ապա ինչո՞ւ ենք մենք երբեմն մեկ սխալի պատճառով մարդուն ամբողջությամբ դատում։

Գուցե քրիստոնեական կյանքի ամենադժվար դասերից մեկը հենց սա է՝ ընդունել Աստծո ողորմությունը և այն դարձնել մեր կյանքի կերպը։

Մենք ամեն օր ապրում ենք Աստծո ողորմությամբ։

Առավոտը, երբ բացում ենք աչքերը, ողորմություն է։

Նոր հնարավորությունը՝ ողորմություն է։

Ապաշխարելու կարողությունը՝ ողորմություն է։

Ներելու հնարավորությունը՝ ողորմություն է։

Եվ նույնիսկ այն պահը, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է, կարող է լինել այն դուռը, որով Աստված մեզ վերադարձնում է դեպի Իրեն։

Ուստի հարցը միայն այն չէ, թե որքա՞ն է Աստծո ողորմությունը։

Ավելի կարևոր հարցն է՝ որքա՞ն տեղ ենք մենք թողնում այդ ողորմությանը մեր սրտում։

Որովհետև Աստծո ողորմությունը ծովի նման է․ խնդիրը ծովի ջրի պակասը չէ, այլ այն, որ մարդը երբեմն չի ցանկանում բացել իր ձեռքերը։

Եվ գուցե մեր ամենախոր աղոթքը պետք է լինի ոչ թե՝ «Տե՛ր, ինձ արժանի դարձրու Քո ողորմությանը», այլ՝ «Տե՛ր, սովորեցրու ինձ ապրել Քո ողորմության մեջ և նույն ողորմությունը փոխանցել այն մարդկանց, որոնց Դու դրել ես իմ ճանապարհին»։

Որովհետև վերջնականապես մարդուն փոխողը ոչ թե Աստծո պատժի վախն է, այլ այն գիտակցումը, որ նույնիսկ մեր ամենախավար պահին Աստծո ողորմության լույսը դեռ չի մարել»,- նշել է Տեր Հեթումը։

Նմանատիպ նյութեր