211652_close_icon
views-count87083 դիտում article-date 18:01 27-09-2026

Խոշոր հրդեհ Երևանում՝ «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կիլոմետրից. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. տեղում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում «Դալմա»-ի հարևանությամբ գործող «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ էլեկտրաենթակայանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի, փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են Երևանի տարբեր վարչական շրջաններից։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ ՀԷՑ-ում հայտարարվել էր արտակարգ ռեժիմ։

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։

Շտապօգնության բժիշկները մոտ 20-ից ավելի հրշեջ-փրկարարների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ նրանց ինքնազգացողությունը կրակի դեմ պայքարելիս վատացել էր, և շտապօգնության ավտոմեքենաներում նրանց միացվել են հատուկ թթվածնային բալոններ։  Իսկ մեկ հոգու էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ հրշեջներին օգնության են հասել Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մի քանի ջրատարների, որոնցով ջուր էին բերում և լիցքավորում հրշեջ մեքենաները։ ԵԱՍՄ-ի աշխատանքները տեղում ղեկավարում էր հիմնարկի տնօրեն Ռոմանոս Սաֆարյանը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հանձնարարականով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի ծառայողները՝ շինարարություների հսկողության առաջին կարգի առաջատար մասնագետ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և տեղում խցանում չառաջանա։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են կանխել կրակի տարածումը և այս պահին կարծես թե այն ամբողջությամբ վերահսկվում է։

Տեղում նաև ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել ենթակայանում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 544+
544+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր