211652_close_icon
views-count454 դիտում article-date 15:03 26-09-2026

Աշտարակի խճուղում հազարավոր քաղաքացիների կողմից «մահաբեր» անունն ստացած հատվածում ՆԳ և ՏԿԵ նախարարներ Արփինե Սարգսյանի և Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում խնդիրը կարգավորվեց, մինչդեռ դա նրանց իրավասության մեջ չէր մտնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 13-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին էր փոխանցել հազարավոր վարորդների խնդրանքը, որպեսզի Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի Մ-1 խճուղու Հոմպլեքսի «Ամերիկանա» տանող, ժողովրդի կողմից «մահաբեր» անունն ստացած հատվածում վերականգնվեն խափանված լուսացույցները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի և ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանի միջամտության արդյունքում պատկան մարմինները կարծես թե արթնացան «արջաքնից» և օրերի ընթացքում ժողովրդի կողմից «մահաբեր» անունն ստացած թե՛ լուսացույցները, թե՛ հետիոտնի համար տեղադրված հատուկ կոճակով օգտագործվող լուսացույցը կարգավորեցին։

Ու հիմա արդեն քանի օր է հետիոտները նշված վայրով փողոցը հատում են հատուկ լուսացույցի առկայությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ խնդիրը ոչ ՆԳ, ոչ էլ ՏԿԵ նախարարների իրավասության մեջ չէր մտնում, պարզապես հատուկ շնորհակալություն Ա․ Սարգսյանին և Դ․ Խուդաթյանին, որոնց շնորհիվ մահաբեր ու վտանգավոր այդ ճանապարհին երկար ժամանակ չկարգավորվող խնդիրը լուծվեց։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հանրապետությունում կան Երևանից դեպի մարզեր տանող ավտոճանապարհներ, որտեղ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ  թվում ողբերգական, և վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով, ու շատ հատվածներում հնարավոր է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը, եթե առաջին հերթին վարորդներն ու հետիոտները, իսկ հետո պատկան մարմինները ցուցաբերեն հետևողականություն ու սրտացավ մոտենան վարորդներն ու հետիոտները իրենց կյանքն, չինովնիկներն՝ իրենց աշխատանքին։

Նմանատիպ ճանապարհներից է համարվում նաև Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի հատվածը, որտեղ որոշ ժամանակ առաջ կառավարության ֆինանսավորմամբ տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող լուսակիրներ, իսկ հետիոտների համար հատուկ լուսացույց, որպեսզի երբ հետիոտներն անցնեն այդ հատվածով, օգտվեն հատուկ կոճակից, և այդ դեպքում վարորդները կտեսնեն, որ պետք է զիջեն, իսկ հետիոտներն էլ անվտանգ կանցնեն։ Եվ հենց հետիոտնի համար տեղադրված լուսակիրների շնորհիվ նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթերը անցան պատմության գիրկը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 13-ին ականատես եղանք, որ նշված լուսակիրներն ու հետիոտնի համար տեղադրված լուսացույցները չեն աշխատում։ Այսինքն, ստացվում է, որ պատասխանատուները «թոզ են փչում» վարորդների ու հետիոտների աչքերին, փոխարենը նորից կա բավականին լուրջ վտանգ, որ վրաերթերն ու ճանապարհատրանսպորտային պատահարները լուսակիրների և լուսացույցի չգործելու պատճառով «նոր շունչ կստանան»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.

«էս ճանապարհով անցնելիս հույսներս դնում ենք Աստծո վրա։ Շարժը բավականին շատ է, թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների։ Մեծ թվով օբյեկտներ, խանութներ կան, որոնց աշխատակիցներն ու այնտեղ եկող այցելուները շատ ուրախացան, երբ տեսանք , որ վերջապես տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող լուսակիրներն ու հետիոտնի համար անվտանգ անցնելու լուսացույցը։ Բայց չգիտես ինչու այն բավականին կարճ տևեց։ 2 շաբաթից ավել է այս հատվածում արդեն տիրում է անարխիա։ Հետիոտները չեն կարողանում օգտվել լուսակիրից, քանի որ այն չի գործում։ 

Մի քանի անգամ ահազանգել ենք պատասխանատուներին, որտեղից միայն ստանում ենք պատասխան, թե տեղյակ ենք խնդրին։ Որ տեղյակ եք, բայց հարցին լուծում չեք տալիս, քանի՞ կոպեկ արժե ձեր տեղեկացվածությունը, թե՞ ուզում եք նորից այս հատվածը բոլորիս կողմից վերանվանվի մահվան ճանապարհ։ Ինչ ա, կարո՞տ եք մնացել ողբերգական դեպքերին, որ չեք ուզում խնդիրը լուծել։ Չէ՞ որ հարյուր հազարավոր վարորդներ ու հազարավոր հետիոտների են այդ ճանապարհից օգտվում։ Մարդ եղեք ու աշխատեք խնդիրը շատ արագ լուծել, հակառակ դեպքում ամեն մի վրաերթից հետո վիրավորների ու նրանց հարազատների անեծքները ձեզ են ուղղվելու։

Հիմա առիթից օգտվելով հենց այստեղից խնդրանքով դիմում ենք ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին. դուք կարող եք ի շահ գործել վարորդների ու հետիոտների, պարտավորեցնել այն կազմակերպությունը, որը թերի ու փնթի է մոտեցել այդ կարևոր անվտանգային գործին, պատշաճ կատարի աշխատանքը և ձեր միջամտության շնորհիվ հարյուր հազարավոր կյանքեր կփրկվեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր