211652_close_icon
views-count748 դիտում article-date 14:21 27-09-2026

Երևանում քրեական ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները «Վալենսիա»-ի հաշվապահն է ու նրա որդին են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, Երևանում բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք։ Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում՝ հայտնի Մյասինկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիրի և հանդիսությունների սրահից առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու նշված ՍՊԸ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 64-ամյա Աշխեն Մ․-ի հետ զրույցում վերջինը հայտնել է, որ հունիսին ինքը իրենց մոտ որպես հաշվապահ աշխատող Երևանի բնակիչ 65-ամյա Լիլյա Ա․-ին է ի պահ հանձնել իրեն պատկանող 53 մլն 500 հազար ՀՀ դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար՝ հանձնարարելով, որպեսզի հաշվապահը գումարը պահի «Վալենսիա» համալիրում գտնվող սենյակներից մեկում եղած չհրկիզվող պահարանում։
Արդեն սեպտեմբերի 16-ին Աշխեն Մ․-ն Լիլյա Ա․-ից պահանջել է, որպեսզի նշված գումարից իրեն բերի 2 մլն դրամ, սակայն կարճ ժամանակ անց Լիլյա Ա․-ն մեկ այլ աշխատակցի միջոցով իրենց տեղեկացրել է, որ իրենց անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից ամբողջ գումարը անհայտացել է։

Դեպքի մասին Երևանի քաղաքի քրեական վարչության ծառայողները տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, ու դեպքի վայր են ժամանել քննչական խումբն ու քննչական կոմիտեի քրեագետները։

Մինչ քննիչները աշխատում էին դեպքի վայրում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկությունները իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Երևանում հաշվառված 36-ամյա Հովհաննես Պապոյանը, և այդ հանցագործությունները կատարելու համար նրան օժանդակել է «Վալենսիա» ՍՊԸ-ի հաշվապահ Լիլյա Ա․-ն։

Նույն օրը քրեական ոստիկանները Լիլյա Ա․-ին հայտնաբերում են Մյասնիկյան պողոտայում, իսկ նրա որդուն՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում, ապա անձնական ունեցվածքի գողություն և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխվում են Երևան քաղաքի քրեական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ․ Պապոյանը Լիլյա Ա․-ի որդին է։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր