211652_close_icon
views-count976 դիտում article-date 10:35 31-07-2026

Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանն ու իմ սիրելի կոտայքցիներին․ Ահարոն Սահակյան

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահկայնը հրաժեշտի ուղերձ է հղել։

«Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ կոտայքցիներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու կապակցությամբ դադարեցնում եմ աշխատանքս որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։

2021 թվականից ի վեր ինձ վստահված էր ղեկավարելու Կոտայքի մարզը։ Այսօր ես հպարտությամբ եմ փաստում, որ այս տարիների ընթացքում միասին անցել ենք զարգացման, ձեռքբերումների, ինչու չէ, նաև բազմաթիվ մարտահրավերների ճանապարհ։

Այն դժվար էր, բայց թիկունքում կար թիմ, աշխատասիրություն և փոխադարձ հարգանք, ինչի արդյունքում մենք հաջողել ենք։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզի բնակիչներին՝ վստահության, աջակցության և համագործակցության համար։ Ձեր խնդիրներն ու առաջարկները մշտապես եղել ու լինելու են իմ աշխատանքի հիմքում, իսկ մարզի առաջընթացը՝ իմ գլխավոր նպատակը։

Շնորհակալ եմ նաև Կոտայքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի, կառուցողական համագործակցության և պատասխանատու մոտեցման համար։

Դե իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետի աշխատակազմի ողջ թիմին՝ նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և միասին իրականացրած բազմաթիվ ծրագրերի և աշխատանքային օրերի համար։

Այսուհետ արդեն Ազգային ժողովում՝ նոր կարգավիճակում եմ շարունակելու ծառայել մեր պետությանն ու իմ սիրելի կոտայքցիներին։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վստահության, աջակցության և համատեղ անցած ճանապարհի համար»։

Նմանատիպ նյութեր