211652_close_icon
views-count304 դիտում article-date 19:50 02-07-2026

Մարին Լը Պենը հրաժարվել է էլեկտրոնային թևնոցով պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ կհրաժարվի նախագահական քարոզարշավին մասնակցելուց, եթե դատավարության արդյունքում իր նկատմամբ պատիժ սահմանվի էլեկտրոնային թևնոցի տեսքով, հայտնում է BFMTV-ն:

Լը Պենի և կուսակցության գործով վերաքննիչ դատարանի որոշումը սպասվում է հուլիսի 7-ին և պետք է որոշի նրա քաղաքական ապագան, ներառյալ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

LCI  հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչն ընդգծել է, որ մտադիր է թեկնածությունն առաջադրել միայն այն դեպքում, եթե կարողանա լիարժեք նախընտրական քարոզարշավ իրականացնել։

«Անշուշտ, եթե ես կարողանամ թեկնածու լինել, կմասնակցեմ։ Սակայն միայն այն պայմանով, որ հնարավորություն կունենամ լիարժեք քարոզարշավ անցկացնելու»,- հայտարարել է Լը Պենը։

Նա ընդգծել է, որ նախագահի թեկնածուն պետք է ազատ տեղաշարժվի և կախված չլինի դատական մարմինների թույլտվություններից։

«Երբ դու նախագահի թեկնածու ես, պետք է լիովին ազատ լինես քո տեղաշարժերում։ Ես չեմ կարող կախված լինել դատավորից, որն ինձ թույլ կտա գնալ հանրահավաքի կամ շուկայում հանդիպել ընտրողների հետ»,- ասել է նա։

Փետրվարին Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել էր Լը Պենի նկատմամբ ընտրություններին մասնակցելու հինգ տարվա արգելք սահմանել, ինչպես նաև չորս տարվա ազատազրկում, որից մեկ տարին՝ իրական բանտարկություն։ Վերաքննիչ գործընթացը տեղի է ունեցել այս տարվա սկզբին։

Քաղաքական գործիչն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական մրցապայքարին իր մասնակցության մասին որոշումը կընդունի վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո՝ չսպասելով Վճռաբեկ դատարանում գործի հնարավոր քննությանը։

Մեկնաբանելով սպասվելիք որոշումը՝ Լը Պենը նշել է, որ վախ չի զգում, թեև իրավիճակն անարդար է համարում։
«Վախն այստեղ տեղ չունի։ Կարելի է անարդարության զգացում ունենալ, զգացում, որ քեզ զրկում են պայքարից, որն իմ կյանքի գլխավոր գործն է»,- ասել է նա։

Միաժամանակ, «Ազգային միավորման» առաջնորդն ընդգծել է, որ անկախ դատավարության արդյունքից՝ կշարունակի քաղաքական գործունեությունը։

«Ինչ էլ որ պատահի, իմ կյանքը դրանով չի ավարտվի։ Ինչ էլ որ տեղի ունենա, ես կշարունակեմ պայքարել իմ գաղափարների համար»,- հայտարարել է Լը Պենը։

2025 թվականի մարտի 31-ին առաջին ատյանի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր էր ճանաչել Եվրոպական խորհրդարանի կողմից պատգամավորական օգնականների աշխատանքի վարձատրության համար հատկացված միջոցները ոչ նպատակային օգտագործելու գործով։ Նրա նկատմամբ սահմանվել էր պատիժ՝ չորս տարվա ազատազրկման տեսքով (երկու տարին պայմանական, և երկու տարին՝ էլեկտրոնային հսկողության ներակայությամբ կրելու հնարավորությամբ), 100 հազար եվրոյի չափով տուգանք, ինչպես նաև ընտրություններին մասնակցելու հնգամյա արգելք՝ այդ միջոցի անհապաղ ուժի մեջ մտնելով։

Քննությունը հանգել էր այն եզրակացության, որ 2004-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում կուսակցությունում Եվրախորհրդարանի միջոցները ոչ ըստ նպատակային նշանակության օգտագործելու համակարգ է գործել։

Նմանատիպ նյութեր