211652_close_icon
views-count3253 դիտում article-date 14:54 01-07-2026

Հակակոռուպցիոն կոմիտեն պատռեց իրեն հրեշտակի տեղ դրած՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի իրական դեմքը, ով տարիներ շարունակ մեղադրում էր նաև SHAMSHYAN.com-ին՝ հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքերը լուսաբանելու համար

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի վերաբերյալ, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, և ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասը, որը պատճառվել էր նշված բժշկական կենտրոնին, ամբողջությամբ վերականգնվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը նշված բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է, ով երկար տարիներ աշխատել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այդ ընթացքում SHAMSHYAN.com-ը բազմաթիվ տեղեկություններ էր հրապարակել նշված բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, ու ամեն անգամ հրապարակումից հետո մեծն Դալլաքյանի մամուլի խոսնակ ներկայացված ինչ-որ մեկը մեզ մեղադրում էր գույները խտացնելու, հիվանդանոցի բարի համբավը արատավորելու մեջ, որոշ դեպքերում էլ ասում էին, թե մենք կեղծ տեղեկություններ ենք տարածել, և պատրաստվում էին դիմել դատարան։ Սակայն մեր ամեն մի հրապարակումից օրեր անց քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածում, ինչից երևում էր, որ մենք կեղծ լուր չենք հրապարակել։

Իսկ այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ իրեն հրեշտակի տեղ դրած Ն. Դալլաքյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ։ Տեղին է հիշել հայտնի խոսքը՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն աշխատանքի, սակայն, վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), (համապատասխանում Է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնասը։ Նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր