211652_close_icon
views-count10336 դիտում article-date 19:44 28-06-2026

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ ազգականի թաղումից վերադարձող 32-ամյա վարորդը «La Defense» հյուրանոցի մոտ «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում․ բժիշկները արձանագրել են նրա մահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիչինա փողոցում, թիվ 300/1 հասցեի դիմաց, «La Defense» հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, ցավոք, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ղազար Գրիգորյանը և Հայկ Մովսիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր