211652_close_icon
views-count3484 դիտում article-date 15:00 13-04-2026

«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած  բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի  խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից,  բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից  հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի  ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր