211652_close_icon
views-count3199 դիտում article-date 13:15 08-04-2026

Արմավիրում արդեն հայտնի՝ հարսանիքների ժամանակ թալանվող գյուղում կարծես արշալույսները խաղաղվեցին. Արմավիրի քրեական ոստիկանները իրականացրել են «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» օպերացիան. 4 տներ թալանած ստահակը բռնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական ոստիկանները օրեր առաջ հատուկ օպերացիա են իրականացրել, որը ղեկավարել է Արմավիրի քրեական ոստիկանության պետ Երվանդ Նիկոյանը, իսկ օպերացիան կրել է «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ էր Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հարսանեկան արարողությունների օրերին, երբ բնակիչները տանը չէին լինում ու մասնակցում էին հարսանիքի, ապա վերադառնալով հարսանիքից՝ իրենց տները հայտնաբերում էին թալանված։ Նմանատիպ 4 դեպք էր տեղի ունեցել և մինչև վերջերս այն տուժած քաղաքացիների համար մնում էր չբացահայտված, ինչը վրդովմունք էր առաջացնում ողջ գյուղում

Քրեական ոստիկանները առանց աղմուկի իրականացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, և արդեն հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալուց հետո պարզում են, թե ով է իրական գողը, ու իրականացնում են նրան վնասազերծելու «Կարմիր խնձորի համին կարոտ մնաս» օպերացիան և համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի իրենց գործընկերների հետ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ճշտում են կասկածյալի գտնվելու վայրը ու ժամանելով գյուղ հենց այնտեղ վնասազերծում ու նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին։

Նրա հայտնաբերման փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք նրա հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 30-ամյա Համլետ Հովհաննիսյանն է, իսկ նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղի բնակիչները ասում էին. «Մենք այդպես էլ գիտեինք, որ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի։ Մենք նույնիսկ ունեինք կասկածներ հնարավոր գողի մասին ու զարմանում էինք, որ տևական ժամանակ ոստիկանները չէին բռնում այդ ստահակին։ Բայց հետո իմացանք, որ չբռնելու պատճառը օպերատիվ բլոկի աշխատանքն է, ինչը վերջապես իր արդյունքը տվեց։ Հավատում ենք, որ իրականում ինքն է գողը, ով նաև իր ծանոթուհուն է պատմել գողությունների մասին ու հիմա վստահ ենք, որ գյուղում գողությունները կդադարեն և կհայտնաբերվեն գողացված իրերը, իսկ հետո նա արժանի պատիժ կկրի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հերթական գողության դեպքն էր տեղի ունեցել, և հերթական անգամ տուժածները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Այդ օրը տան տերերը մասնակցելիս էին եղել հարսանիքի՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող, ժողովրդին հայտնի «Դվին» ռեստորանային համալիրում, և հարսանեկան արարողությունից վերադառնալով նկատել էին, որ իրենց տները թալանված են։

Բնակիչները ահազանգել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, և հերթական անգամ ոստիկանները ժամանել էին, արձանագրել կատարվածը, ապա տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ, ու դեռևս ոչ մի դրական արդյունք չկար իրավապահների կողմից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․ «Էս ինչ ա դառել էս դարը․ գնում ես ուրախության, հետ ես գալիս ու տեսնում՝ տունդ տակնուվրա արված, թալանված։ Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ նման քայլի դիմի։ Սա առաջին դեպքը չի։ Մեր գյուղում արդեն վախենում ենք հարսանիքի մասնակցել կամ հարսանիք անել, քանի որ այդ օրը գողը կամ գողերը, ովքեր վստահ ենք՝ լավ էլ տեղեկացված են լինում, որ տանը երկար ժամանակով մարդ չի լինելու, իրենց սև գործն են անում։

Բայց էլ ավելի զարմանում ու զայրանում ենք, որ իրավապահները թե այս, թե նախորդ երկու, ու գյուղում կատարված նախկին գողություններից ոչ մի դեպք չեն բացահայտել։

Հետաքրքիր է՝ ոստիկանների գործի անունը ինչ է։ Մենակ գան, արձանագրեն, ճոռոմ-ճոռոմ խոսան, թե հեսա օրերի ընթացքում գողին ու գողերին կբռնենք, բայց էդ օրերը արդեն դառնում են երկար ու ձիգ ամիսներ, տարիներ։ Երևի թե մեր Արմավիրի ոստիկանները չունեն այն պրոֆեսիոնալիզմը, որ տեսախցիկների այս դարում չկարողանան դեպքերը բացահայտել։ Սա պետք է մտահոգի Ներքին գործերի նախարարության նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին, որպեսզի մի բան ձեռնարկեն և ցուցաբերեն խիստ մոտեցում, որ մեր Արմավիրի ոստիկանները գործ անեն, այլ ոչ թե մեր հարկատուների հաշվին փող ստանան։ Գյուղի ցուցանակի վրա էլ մի մեծ գրություն գրենք՝ ստահակ գողեր, մեր գյուղում էլ հարսանիքներ չեն լինելու և հարսանիքների չենք մասնակցելու։

Հիմա ուզում ենք մի քիչ հավատանք, որ գոնե այս դեպքից հետո մեր ոստիկանները իրոք կաշխատեն, այլ ոչ թե կզբաղվեն ժամավաճառությամբ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության նորանշանակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արթուր Բարսեղյանին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացնելիս նրանց առջև խիստ պահանջ էր դրել, որ քրեական ոստիկանները պետք է ոչ միայն կանխեն ու նախականխեն հանցագործությունները, այլ նաև բացահայտեն նախկինում կատարված հանցագործությունները։ Եվ այդ ամենի հսկողությունը նախարարի հանձնարարականով դրվել էր ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի վրա։

Դեռ սովետական տարիներից, երբ Հայաստանում գործում էր ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ոսկե օրենք էր քրեական հետախույզների համար, այն է՝ «չբացվող հանցագործություններ չկան, կան լավ բացահայտողներ»։ Սակայն վերջին տարիներին այդ ոսկե կանոնը երբեմն կաղում է ու բազմաթիվ հանցագործություններ մնում են չբացված։

Մեծ թիվ էին կազմում անձնական ունեցվածքի, այդ թվում բնակարանային գողության դեպքերը։

Շատ դեպքերում էլ քաղաքացիները հրաժարվում էին իրավապահներին դիմել՝ պատճառաբանելով, որ միևնույն է հանցագործությունը չի բացահայտվի, գողը կամ գողերը չեն բռնվի, և իզուր իրենց օրերով, շաբաթներով, ամիսներով, անգամ տարիներով էնքան կտանեն-բերեն, որ ավելի լավ է հաշտվեն այն մտքի հետ, որ դեպք էր, եղել էր։

Ինչպես Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ բնակարանային գողության դեպք տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս էին եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել էին թալանված։

Տեղում պարզվել էր, որ ոչ միայն այդ մի տունն էին թալանել ստահակը կամ ստահակները, այլ ևս մեկ տուն այդ ընտանիքի անդամների, ու այդ ընտանիքը նույնպես մասնակցելիս էր եղել հարսանեկան արարողությանը։ 

Տուժածներն անմիջապես ահազանգել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից գյուղ էին ժամանել համայնքային ոստիկանները, իսկ հետո նրանց էին միացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Արդեն դեպքի վայր են հրավիրվում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Տեղում քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Պարզվել էր, որ տականքը կամ տականքները տուն էին մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել էին ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել էին նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել էին խոշոր չափի գումար։

Այդ տանը նույնպես քննչական գործողություններ էին կատարվել և նույնպես նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մարտի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի անդամները իրենց զայրույթն էին ուղղում ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի քրեական ոստիկանների և քննիչների հասցեին՝ ասելով.

«Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա։

Վերջերս Լոռու քրեական ոստիկանները մի ամբողջ բանդա բռնեցին, հիմա մի քիչ մեջներս հույս է արթնացել ու ուզում ենք հավատալ, որ գոնե մեր դեպքում էլ տեղի քրեական ու համայնքային ոստիկանները իրոք կաշխատեն, թե չէ տպավորություն է, որ երբ հանցագործություն է լինում, գալիս են մի 2-3 ժամ դեպքի վայրը զննում են ու այդքանով իրենց գործը համարում ավարտված։ Մենք գիտենք, եթե Արմավիրի ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, այս դեպքն էլ կբացահայտեն ու բնակչության շրջանում վստահությունը կվերականգնվի։ Մինչդեռ նման դեպքերի չբացահայտման պատճառով ինչքան էլ ոստիկանությունն ասի՝ մենք տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին, մեզ մոտ հավատը կոտրված է»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր