211652_close_icon
views-count1951 դիտում article-date 12:40 28-03-2026

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ու Երևանի ԱԱԾ ծառայողները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են Երևանում չգործող «Կանազ» մշակույթի տունն անզգուշաբար կրակի մատնած անչափահասներին. 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության իրենց գործընկերների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ մարտի 25-ին Երևանում հայտնի, սակայն չգործող «Կանազ» մշակույթի տանն առաջացած հրդեհը անզգուշաբար կատարել են 3 անչափահասներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պարզել են կատարողների ինքնությունը և նրանց իրենց ծնողների հետ հրավիրել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալներն են 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ 

Վերջինները խոստովանել են ծնողների ներկայությամբ, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել, պարզապես մտել են ներս կիթառ նվագելու համար և երբ մրսել են, կրակ են վառել, որպեսզի տաքանան, ինչից հետո կրակը մեծ արագությամբ տարածվել է ու շենքը բռնկվել է։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից 2-ը սովորում են Երևանում գործող հայտնի քոլեջներից մեկում, իսկ 1-ն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող, սակայն չգործող «Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

Աշխատանքները տեղում ղեկավարում էրինՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը, Երևանի փրկարար վարչության պետ Գալստյանը և Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Հրշեջները՝ վտանգելով իրենց կյանքը, նախ կանխել էին շենքի 4 անկյուններում բռնկված կրակի տարածումը և մեծ դժվարությամբ հետախուզական աշխատանքներ իրականացրել՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի 103 շտապօգնության բժիշկների 3 հերթապահ խմբեր և տեղում մոտ 7 հրշեջ-փրկարարի բուժօգնություն ցույց տվել, քանի որ նրանք ծխահարվել էին։

Այնուհետև շտապօգնության բժիշկները տեղում իրականացրել էին նաև հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, և տեղում պարզվել էր,  որ շենքը գազաֆիկացված չէ։

Ժամանել էր նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում էր նրանում, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեին, խցանումներ տեղի չունենային և հրշեջների աշխատանքին չխոչընդոտեին։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար քաղաքացիական անձ չէր տուժել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետարանի 2 ջրատար մեքենաներ ջուր էին հասցրել հրշեջ մեքենաներին։

Հրդեհի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ շենքի ներսում տիրում էր հակասանիտարական, գարշահոտ և փնթի վիճակ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր