211652_close_icon
views-count3109 դիտում article-date 19:56 25-03-2026

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի «Կանազ» մշակույթի տանը․ հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մշակութային արժեք համարվող շենքը փրկեցին կրակի ճիրաններից․ քաղաքապետի հանձնարարականով օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները․ ՖՈՏՈՌԵՊՈՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող, սակայն չգործող «Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

Աշխատանքները տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը, Երևանի փրկարար վարչության պետ Գալստյանը և Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Հրշեջները՝ վտանգելով իրենց կյանքը, նախ կանխել են շենքի 4 անկյուններում բռնկված կրակի տարածումը և մեծ դժվարությամբ հետախուզական աշխատանքներ իրականացրել՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների 3 հերթապահ խմբեր և տեղում մոտ 7 հրշեջ-փրկարարի բուժօգնություն ցույց տվել, քանի որ նրանք ծխահարվել էին։
Այս պահին շտապօգնության բժիշկները տեղում իրականացնում են նաև հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, խցանումներ տեղի չունենան և հրշեջների աշխատանքը չխոչընդոտեն։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար քաղաքացիական անձ չի տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետարանի 2 ջրատար մեքենաներով ջուր էին հասցնում հրշեջ մեքենաներին։

Հրդեհի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի ներսում տիրում էր հակասանիտարական գարշահոտ և փնթի վիճակ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր