211652_close_icon

Մինչ Երևանի քաղաքապետն ու թաղապետերը ասում են՝ երեխաները մեր ապագան են, Բաշինջաղյան փողոցում հազարավոր երեխաների կյանքեր թելից է կախված. միայն պարեկների շնորհիվ է, որ դժոխքի վերածված փողոցով երեխաներն անցնում են անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1120 դիտում article-date 14:51 26-02-2026
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները երբ շրջայցեր են կատարում խաղահրապարակներ ու տեսնում երեխաներին, միշտ ասում են, թե ամեն ինչ անում են երեխաների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար, որովհետև երեխաներն են ապագան։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար հետիոտնային անցումը դարձել է վտանգավոր։ Ամեն պահի կա վտանգ, որ հնարավոր է հենց հետիոտնային անցման վրա տեղի ունենան վրաերթեր, քանի որ նախկինում նմանատիպ դեպքեր եղել են։ Փողոցում ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև հետիոտների շարժն է բավականին շատ, իսկ առավոտյան հետիոտնային այդ անցումով երեխաներն են գնում դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ նախկինում այնտեղ տեղադրված է եղել լուսացույց՝ հատուկ կոճակով, ու հետիոտները անցնելուց առաջ սեղմում էին կոճակը, սպասում մոտ 1 րոպե, ապա հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսը վառվում էր ու մարդիկ անվտանգ անցնում էին։ Չգիտես որ «գիտունիկի» մտքով է անցել ու ամիսներ առաջ տարել են լուսացույցը, ու հիմա հետիոտները ահը սրտներում են անցնում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ասում էին.

«Էս փողոցով անցնելը դարձել է բավականին վտանգավոր։ Առաջ լավ էր, լուսակիր էր տեղադրված, կոճակը սեղմում էին, սպասում ու երբ կանաչ լույսը վառվում էր, անվտանգ, ապահով անցնում էինք ճանապարհը։ Ամիսներ առաջ ում մտքով անցավ, որ լուսակիրը տարան ու մինչև հիմա խաբար չունենք։ Էստեղ էդ լուսակիրի բացակայության պատճառով մի քանի անգամ երեխաների են վրաերթի ենթարկել։ 

Էլի լավ է, որ մեկ-մեկ պարեկները գալիս, կանգնում են, էլի կարողանում ենք անվտանգ թե՛ մենք անցնել, թե՛ երեխաներին անցկացնել։ Բայց հո պարեկները 24 ժամ էստեղ հերթապահություն չե՞ն անելու։ Խնդրում ենք, խնդիրը շատ արագ լուծեք։ Թե չէ ասում են՝ երեխաները մեր ապագան են, բա չեք տեսնո՞ւմ, որ ձեր ոչ սրտացավ աշխատանքի պատճառով հազարավոր երեխաների ապագան է թելից կախված։ Իսկ ինչու թելից կախված, որովհետև լուսակիրները տարել են ու երեխաներին չենք կարողանում անվտանգ տեղափոխենք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր