211652_close_icon

Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի պողոտայի մի քանի բարձրահարկ շենքեր փլուզման վտանգի տակ են․ պատճառը բակերով անցնող մի քանի դիտահորերից դուրս եկող կեղտաջրերն են․ տարածքում էլ տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1453 դիտում article-date 18:46 31-01-2026
Արդեն մի քանի օր է՝ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 113, 111 շենքերի բնակիչները ահազանգում են SHAMSHYAN.com և իրենց արդարացի վրդովմունքն ու զայրույթն են ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության և Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հասցեին։

Այսօր՝ հունվարի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է՝ չեն փորձում էս ամբողջ թաղամասը փրկել գարշահոտից, չեն ցանկանում, որպեսզի մեզ մոտ էլ վերանա էդ հակասանիտարական վիճակը։ Էլ չգիտենք՝ որ կառույցին դիմենք։

Թե՛ «Վեոլիա Ջուր»-ը, թե Հրազդանի քաղաքապետարանը այդ հարցում ոնց որ իրար հետ համագործակցեն։ Ամոթն էլ լավ բան է։ Ասում են՝ բնակիչները պիտի պահեն սանիտարահիգիենիկ պայմաններ, բայց իրենք իրենց տված խորհրդի պահպանումը անտեսում են։ Ով է տեսել 21-րդ դարում սպառողը կանոնավոր վճարում անի, բայց ստանա նման սպասարկում։ Հոտն այնքան է տարածվում, որ նույնիսկ մի քանի հարյուր մետրից ես զգում։

Երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք տանում էդ գարշահոտի միջով։ Երբ դիմում ես՝ նույն պատասխանն է․ «Տեղյակ ենք, մի բան կանենք», կամ էլ՝ «Ձեր հայտը գրանցել ենք»։ Բա հայտ գրանցելով խնդիրը կլուծվի, իհարկե՝ ոչ։

Միակ հույսերս արդեն մեր մարզպետ Ահարոն Սահակյանն է, որ գոնե նրա միջամտության արդյունքում վերջապես էս խնդիրը լուծվի։

Էլ չենք ասում, որ էդ կեղտաջրերի պատճառով էս բարձրահարկ շենքերի հիմքերը թուլանում են, ամբողջ նկուղները լցված են կեղտաջրով։

Հիմա ձմեռ է, կեղտաջուրը սառել է, բայց գարուն-ամառ-աշուն՝ նկուղները ամբողջությամբ կեղտաջրի մեջ են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր