211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. մինչ տիկին փոխմարզպետը հերքում է իրականությունը, մարզի մեկ այլ մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչը ավտովթարների պատճառ է դառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2695 դիտում article-date 16:06 18-01-2026
Այսօր՝ հունվարի 18-ին, բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել ու չեն պարտավորեցրել ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը, որ ճանապարհից մաքրեն ձյունն ու կատարեն մշակման աշխատանքներ։ Մարզպետն ու Թալինի քաղաքապետը  կփորձեն արդարանալ, թե դա մեր իրավասության մեջ չի մտնում, իսկ այդ պաշտոնյաները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց ղեկավարած մարզում նման իրավիճակների թիվ մեկ պատասխանատուն հենց իրենք են։ Նրանք կարող էին ճանշինին զգուշացնել, ինչու չէ նաև պարտավորեցնել, որպեսզի Արմավիրի մարզը Շիրակի մարզին կապող այդ ճանապարհահատվածը մաքրեին, քանի որ շարժը բավականին ակտիվ է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների կողմից։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ լավ կլինի, որպեսզի մի «սրտաճմլիկ» գրառում էլ Արագածոտնի փոխմարզպետ տիկին Միլադա Հովհաննիսյանն անի, բայց իրականությունը ներկայացնի, այլ ոչ թե խեղաթյուրի ու փորձի հանրությանը մոլորեցնել, ինչպես երեկ՝ հունվարի 17-ին, երբ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրում ճանապարհի  մերկասառույցի պատճառով բախվել էին Արթիկ-Երևսն մարդատար «Газель»-ն  ու «ԳԱԶ-69»-ը, ինչի հետևանքով կային վիրավորներ ու SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր ֆոտոռեպորտաժ, տեսանյութ, որտեղ թե՛ քաղաքացիները, թե՛ վթարի ականատեսները արդարացիորեն ասում էին, որ ճանապարհն սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցները հետո են բարեհաճել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակել։ Իսկ տիկին փոխմարզպետը ներկայացրել էր, թե իբրև մեր հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի, ճանապարհը եղել է անցանելի ու մշակված։ Այստեղ են ասում՝ որոշ չինովնիկներ, «ձյուն գա ձեր գլխին»։ Հիմա լավ կանի տիկին փոխմարզպետը այսօր այցելի նաև Թալին խոշորացված համայնքի Արագածավան-Արտենի-Արագած-Թլիկ գլխավոր ճանապարհներով ու սեփական մաշկի վրա զգա, որ ճանշինը «ուղտի ականջում քնել է», ու այդ ժամանակ տեսնենք ֆեյսբուքյան իր էջում ինչ դարակազմիկ «ստատուս կձոնի»։

Ի դեպ, այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով վթար էր տեղի ունեցել Արտենի-Արագածավան ճանապարհին, ինչի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8-ամյա աղջնակ, տեղափոխվել էին հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են 1-ին դասակի պարեկներ Կարո Չալաբյանն ու Ռուբեն Զաքարյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Թալինի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել էր ճանապարհի մեջտեղում։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ճանապարհը եղել էր մերկասառույց, ձյան շերտից մաքրված էր եղել, սակայն ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ աշխատակիցները աղ ու ավազի խառնուրդով կարծես թե չէին մշակել։

Դեպքի մասին տեղեկանալուց հետո Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մարկոսյանի հանձնարարականով դեպքի վայր էր ժամանել փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ով այնուհետև մեկնել էր հիվանդանոց՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել վիրավորների առողջական խնդիրներին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր