211652_close_icon

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արտենի-Արագածավան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Volkswagen Passat»-ը. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2458 դիտում article-date 13:22 18-01-2026
Այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են 1-ին դասակի պարեկներ Կարո Չալաբյանն ու Ռուբեն Զաքարյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Թալինի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր