211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Էրեբունու թաղապետի «քթի տակ», «մարդաբոյ» փոսի պատճառով, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3418 դիտում article-date 09:59 15-01-2026
Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր ապրում են նաև վթարի հարևանությամբ, 2 ամսից ավելի եղած «մարդաբոյ» փոսը, մինչդեռ այդ փոսի վայրից մոտ 100 մետր այն կողմ գտնվում է Էրեբունու թաղապետարանը ու չգիտես ինչու թաղապետ Հակոբ Բալայանը կամ տեղյակ չէ, կամ ցուցաբերում է քար անտարբերություն, որպեսզի այդ փոսը վերացնեն։ Եթե դա թաղապետարանի ֆունկցիան չէ, բայց որպես համայնքի թիվ մեկ պատասխանատու կարող է քաղաքապետարանին տեղեկացնել, որպեսզի հրատապ այդ վտանգավոր փոսը ասֆալտապատեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր