211652_close_icon

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է «Tomahawk» հրթիռների Ուկրաինա մատակարարման հնարավորությունը. Axios

views-count508 դիտում article-date 22:30 11-10-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք քննարկել են Ուկրաինայի կողմից հեռահար գործողության «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։

«Tomahawk» հրթիռներն Ուկրաինային հնարավորություն կտան հարվածել Ռուսաստանի տարածքի խորքը, այդ թվում՝ Մոսկվային, ուկրաինացիները պնդում են, որ դրանք կօգնեն բանակցային սեղանի շուրջ բերել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Աղբյուրները չեն նշել որեւէ վերջնական որոշման կայացման մասին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ հեռախոսազրույցը տեւել է մոտ 30 րոպե։ Զելենսկին իր հայտարարության մեջ այն բնութագրել է «շատ դրական եւ արդյունավետ»։

Զելենսկին շնորհավորել է Թրամփին Գազայի հարցում խաղաղության համաձայնագրի կապակցությամբ եւ ասել, որ եթե այս պատերազմը հնարավոր լինի ավարտել, «ապա, անկասկած, կարող են դադարեցվել նաեւ այլ պատերազմներ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմը»։
Երկուշաբթի Թրամփը հայտնել է, որ «մոտավորապես որոշում է կայացրել»՝ ՆԱՏՕ երկրներին վաճառել հեռահար գործողության «Tomahawk» հրթիռներ Ուկրաինա մատակարարելու մասին։ Թրամփը նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչ են պլանավորում անել ուկրաինացիները հրթիռներով՝ նախքան դրանց մատակարարումն սկսելը։ Զելենսկին անցյալ ամիս ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփից խնդրել է «Tomahawk» հրթիռներ։ Նա Axios-ին ասել է, որ «Ուկրաինան կարող է նույնիսկ դրանց օգտագործման կարիքը չունենալ», քանի որ դրանց առկայությունը կարող է բավական լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպելու բանակցություններ վարել։

Նմանատիպ նյութեր