211652_close_icon

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների վերակազմակերպման ծրագիրը

views-count577 դիտում article-date 20:45 06-10-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից,  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախ, մանրամասներ է ներկայացրել դպրոցների կառուցման և վերանորոգման ընթացքի վերաբերյալ, նշել, որ, ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 358 դպրոցների և կրթահամալիրների կառուցման և նորոգման աշխատանքներ: Նաև ներկայացվել է, որ տասը մարզերում առկա է դեպի կլաստերային դպրոցներ տանող 305 կմ ճանապարհ, որոնք վերանորոգվել են Կառավարության 2021-2025թթ. ծրագրով: 
Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ անդրադարձ է կատարվել կենտրոնացված կրթության կազմակերպմանը, ներկայացվել է, որ 2026-2027թթ․ ուսումնական տարվանից կմեկնարկի փոքր թվով աշակերտներ ունեցող ավելի քան 180 դպրոցի աշակերտների՝ 100 ուսումնական հաստատություններում կենտրոնացված եղանակով կրթության կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքներին և փոխադրումների կազմակերպման մոդելներին վերաբերող հարցեր:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փուլային մոտեցում ցուցաբերել, ըստ որի՝ 1-ին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026թ․սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերի՝ բարեկարգ ճանապարհային ցանց ունեցող կլաստերային դպրոցներում, այսինքն՝ 2026թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման հանձնվող 59 դպրոցներից 30 կլաստերային դպրոցներում:

Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվում է ռազմավարական բարեփոխումների շրջանակում, և շեշտել, որ յուրաքանչյուր երեխայի համար այսպիսով ապահովվելու է որակյալ կրթություն և դրա համար անհրաժեշտ պայմաններ: Ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված երկրի ղեկավարի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

Նմանատիպ նյութեր