11406 դիտում
20:32 09-06-2017
Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյանի անվան դպրոցների թվով 75 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ հնարավորություն ունեցան այցելելու Երևանի թանգարաններ
Հերթական անգամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյանի անվան դպրոցների թվով 75 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ` Երեւան քաղաքի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Զորաց քարեր /Քարահունջ/ եւ Շաքիի ջրվեժ:
Ծրագրով նախատեսված առաջին այցելությունը եղավ Երեւան քաղաքի պատմության թանգարան, որտեղ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի աշակերտներն էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջեցին թանգարանի ցուցասրահներում, դիտեցին հին Երեւանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Այնուհետեւ նրանց համար կազմակերպվեց «Ճանաչիր Երեւանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան, որը երեխաներին քաղաքի մասին կարևոր և հետաքրքրաշարժ տեղեկություններ հաղորդեց եւ օգնեց տեղում՝ թանգարանում, սովորել եւ ամրապնդել ձեռք բերված գիտելիքները: Թանգարանի սրահներից մեկում երեխաները կատարեցին նաեւ Երեւանի անպաշտոն օրհներգ հանդիսացող «Էրեբունի-Երեւան» երգը, անտարբեր չթողնելով թանգարանի այլ այցելուներին:
Ճաշելուց հետո դպրոցականները եղան Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ շրջեցին Հովհաննես Այվազովսկու եւ Մարտիրոս Սարյանի սրահներում, ծանոթացան մեծն վարպետների կյանքին, ստեղծագործական ուղուն եւ աշխատանքներին, իսկ հետո մասնակից դարձան կրթական ինտերակտիվ երկու ծրագրի՝ «Ճանաչենք մեր մեծերին» եւ «Տապանակիր լեռը»:
Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն էլ աշակերտների համար կազմակերպել էր «Բացահայտում» խաղ-էքսկուրսիան:
Արցախի՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաների համար կազմակերպվեց էքսկուրսիա՝ ճանաչելու հայրենի հողը եւ ականատես լինելու Հայոց աշխարհի հրաշալիքներին: Երեխաներն այցելեցին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող աշխարհի հնագույն աստղադիտարան հանդիսացող Զորաց քարեր /Քարահունջ/: Շրջելով պատմամշակութային արգելոցի տարածքում, նրանք ծանոթացան հնավայրի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին։
Հաջորդիվ եղավ այցելություն Շաքիի ջրվեժ, որը երեխաներին գերեց իր աննկարագրելի գեղեցկությամբ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագրի շնորհիվ աշակերտները փոխանակեցին իրենց գիտելիքները, շփվեցին միմյանց հետ, կարեւորեցին էքսկուրսիայի ուսուցողական դերը: Էքսկուրսիաներից տպավորված՝ երեխաները նշեցին, որ վերադառնում են իրենց մարզեր, ձեռք բերելով նոր ընկերներ եւ իրենց հետ տանելով հաճելի հիշողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը