211652_close_icon

Վերջերին ժամանակներում Հայաստանը շատ բան է արել, հատկապես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված. Մարթա Կոս

views-count205 դիտում article-date 23:41 20-09-2025
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ճակատագիրը, իր ուղին, իր համայնքը և իր գործընկերներին։ Եվ Հայաստանը վերջերս շատ բան է արել, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Իհարկե, դուք գիտեք, որ կա տարբերություն ռուսական և եվրոպական մոտեցումների միջև։ Եվրոպական մոտեցումն այն է, որ մենք ուզում ենք տեսնել ձեր տնտեսությունը ուժեղ։ Մենք ուզում ենք տեսնել ձեր հասարակությունը ուժեղ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա ուժեղ և դիմացկուն ինստիտուտներ, որոնք կարող են պաշտպանել ժողովրդավարությունը, ազատ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունը։ Մյուս կողմից, մենք ունենք մի հայեցակարգ, որը, և սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք միայն այստեղ՝ Հայաստանում։ Մենք տեսնում ենք այս ռուսական հայեցակարգը ամենուր, և ես կասեի, որ կա մի տեսակ մրցակցություն եվրոպական և ռուսական կենսակերպի միջև։ Ռուսաստանը չի ցանկանում, որ երկրները լինեն տնտեսապես ուժեղ, ժողովրդավարական կամ անկախ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ դեպքում դա անհնար է վերահսկել։ Եվ վերադառնալով ձեր հարցին, թե ինչ ենք մենք պատրաստ անել, մենք ուզում ենք ամրապնդել ձեր տնտեսական և սոցիալական դիմացկունությունը», - նշել է եվրահանձնակատարը։

Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն ունի բազմաթիվ օգնության ծրագրեր։

«Հենց երեկ ես հայտարարեցի «Աճ և դիմացկունություն» ծրագրի շրջանակներում ավելի քան 200 միլիոն եվրոյի հատկացման մասին, և այս ֆինանսական գործիքի անունն արդեն ամեն ինչ ասում է։ Այն աճի և դիմացկունության մասին է։ Եվ սա է այն, ինչ մենք ուզում ենք տեսնել։ Եվ շնորհիվ նախկինում նշված խաղաղության համաձայնագրի, մենք տեսնում ենք մեծ հնարավորություններ և Հայաստանի դերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք համատեղ աշխատել էներգետիկայի, առևտրի, ենթակառուցվածքների և, իհարկե, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք Հայաստանը դարձնել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն և ավելի ժողովրդավարական։ Սա է հիմքը։ Եվ մենք նոր ենք սկսել զարգացնել այս հարաբերությունները, և մենք կարող ենք ավելին անել։ Ձեր երկիրը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը։ Մենք կարող ենք օգնել։ Մենք կարող ենք օգնել մշակել ստանդարտներ, որոնք թույլ կտան ձեր ընկերություններին արտահանել ոչ միայն Եվրամիություն, այլև աշխարհի այլ մասեր։ Եվ ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է օգտվենք այս պատմական պահից և միասին կառուցենք ավելի ուժեղ Հայաստան», - ասաց Մարթա Կոսը։

Նմանատիպ նյութեր