211652_close_icon

Մեկնարկել է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» վերապատրաստման ծրագիրը

views-count430 դիտում article-date 18:55 16-09-2025
«Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» վերապատրաստման ծրագրին, որն անցկացվում է սեպտեմբերի 16-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, մասնակցում է 100 գրադարանավար Երևանից և մարզերից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ իրենց աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը ոլորտային կարևոր բարեփոխում է։«Վստահ եմ, որ չնայած բոլոր տեխնոլոգիական զարգացումներին՝ գիրքը, ընթերցանությունը, գրադարանը ոչ միայն չեն կորցնում իրենց նշանակությունը, այլև ձեռք են բերում յուրահատուկ կարևորություն:  

Տեղեկատվությունը վերլուծելու և դրա հիման վրա կարևոր որոշումներ կայացնելու հմտությունները զարգանում են ընթերցանության միջոցով: Գրադարանները կարևոր նշանակություն ունեն ընթերցանության մշակույթը տարածելու, տեքստերը կարդալու, քննարկելու և վերլուծելու հմտությունների զարգացման գործում։ Այս համատեքստում  խորհրդանշական է այսօր մեկնարկած վերապատրաստման ծրագրի խորագիրը: Ներկա  պայմաններում գրադարանները պետք է վերածվեն համայնքային ակտիվ կենտրոնների` դառնալով հանրության ամենատարբեր շերտերի հետ հաղորդակցության նորարար հարթակներ: Չկա այնպիսի մասնագիտական բնագավառ, որին առնչվող տեղեկությունները ոլորտի գրականության մեջ ամփոփված չեն, հետևապես գրադարանը յուրաքանչյուր այցելուի  հետ իր լեզվով խոսելու եզակի հնարավորություն ունի»,-նշել է նա։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համագործակցությունը Հայկական գրադարանային և Միջազգային ազգային գրադարանային ասոցիացիաների հետ, որը միտված է միջազգային փորձի դիտարկմանը,  փոխառմանը և կիրառմանը:  Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի Գրադարանների մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որից գրադարանները պետք է օգտվեն։ Ժաննա Անդրեասյանի խոսքով` տրվել է էլեկտրոնային գրադարանի սահմանումը, որը պետք է նաև օգնի ընդլայնել գործունեության շրջանակը: Ներդրվել են նոր գործիքակազմեր՝ ատեստավորման և գրադարանավարների մասնագիտական զարգացման տեսանկյունից:

Պետությունը դպրոցաշինության խոշոր ծրագրերում կարևոր տեղ է հատկացնում դպրոցական գրադարանների կահավորմանը, բովանդակային և տեխնիկական հագեցվածությանը։ «Դրանք պետք է լինեն կահավորված տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան անմիջականորեն առնչվել գրքին և այն դարձնել իրենց ուսումնական գործընթացի, նախագծերի մասը: Այդ իմաստով մասնագիտացված, հանրային և համայնքային գրադարանները հատուկ դերակատարություն  ունեն՝ աջակցելու ուսումնական հաստատություններում գրադարանային նոր մշակույթի ձևավորմանը և տարածմանը: Դպրոցական գրադարանավարների աշխատանքների նկարագիր է սահմանվել` հստակեցնելով անելիքների շրջանակը: Սահմանվել են նաև ենթակառուցվածքների ձևավորումը, առանձին ծառայությունների նկարագրերը՝ դրանցից բխեցնելով նաև հետագա վերապատրաստումները: Կարծում եմ, որ կրթական հաստատությունների գրադարանային միջավայրերը պետք է դարձնել  գրադարանային այս մեծ ցանցի մասը։ Միաժամանակ, մեր առաջատար բուհերում ևս գրադարանների վերափոխման արմատական գործընթաց է սկսվել»,- ասել է նախարարը:

Նա անդրադարձել է նաև ընթերցանության մշակույթի տարածման խնդրին՝ շեշտելով, որ գրադարանները պետք է լինեն առաջամարտիկի դերում:Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը, դասընթացավարներ դոկտոր Հաննա Ֆոգտը (Գերմանիա, գրադարանային մենեջմենթի և թվային փոխակերպման միջազգային մասնագետ), Մարիանա Աբրեյու-Լորեյրուն (Պորտուգալիա, հանրային գրադարաններում ընթերցանության խթանման և կազմակերպման նորարարական մեթոդների փորձագետ):

Դասընթացի ընթացքում կքննարկվեն գրադարանների զարգացման միտումներն ու ռազմավարությունը, գրադարանային տարածքների վերափոխման հնարավորությունները՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր