211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են «Chevrolet»-ը և 2 «Opel»-ները․ ավտոմեքենաները հայտնվել են  երթևեկելի գոտուց դուրս․ «Chevrolet»-ը գլխի վայր շրջվել է․ կա 10 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5800 դիտում article-date 22:54 13-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ բախվել են 2 «Opel» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, որոնցից «Chevrolet»-ը գլխիվայր շրջված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և վիրավորներից մի մասին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մեխակյանը և Մերի Քեշիշյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և ավագ քննիչ Ռաֆայել Անանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր