211652_close_icon

Վիճաբանություն՝ Երևանում. Էրեբունու հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում հայտնի «Ոսկանի տղա Համբիկը». բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, Նուբարաշենի ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել նրան դանակի մի քանի հարվածներ հասցրած կասկածյալին

views-count1699 դիտում article-date 18:47 17-02-2026
Փետրվարի 6-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքին հարակից ավտոտնակների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է ստացել, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու մինչ կժամանեին ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին և հայտնում են, որ նշված վայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Համբարձում Ա.-ն է, ով ըստ բժիշկների եղել է ոչ սթափ վիճակում և հրաժարվել է կատարվածի մասին տեղեկատվություններ տալուց, միայն ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված հատվածում Համբարձում Ա.-ի և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ս.-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ էլ Կարեն Ս.-ն իր մոտ պահվող դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Համբարձում Ա.-ին։

Նուբարաշենի ոստիկանները ժամերի ընթացքում պարզում են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերում են նրան, ինչից հետո ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Համբարձում Ա.-ն Նուբարաշենում հայտնի է «Ոսկանի տղա Համբիկ» մականվամբ ու հաճախ է հայտնվում նմանատիպ պատմությունների մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր