211652_close_icon

Բшխումներ, հրդեհներ և հարյուրավոր ձերբшկալություններ․ դադարեցվել է

views-count1216 դիտում article-date 23:45 21-08-2025
Ավելի քան 300 ձերբակալված, տասնյակ վիրավորներ և չավարտված խաղ․ այսպես ավարտվեց Արգենտինայի Ավելանեդայում կայացած Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ինդեպենդիենտե» և «Ունիվերսիդադ դե Չիլի» թիմերի միջև։

Հանդիպումը դադարեցվեց երկրորդ խաղակեսի մեկնարկին, երբ հաշիվը 1:1 էր։ Խառնաշփոթը սկսվեց, երբ «Ունիվերսիդադ դե Չիլիի» երկրպագուները պոկեցին տանտերերի դրոշը։ Դրան հետևեցին անկարգություններ հյուրերի սեկտորում․ այրվեցին նստատեղեր, օդում թռան քարեր, փայտեր, նստարաններ, լուսաձայնային նռնակ, և նույնիսկ քանդված զուգարանակոնքեր։
Անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ուշացումով միջամտեցին։ Մինչ այդ «Ինդեպենդիենտեի» երկրպագուները հարձակվեցին հյուրերի վրա։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, մի քանիսը ստացան դանակի հարվածներ, մեկը ընկավ վերևի տրիբունայից։

Չիլիական աղբյուրների համաձայն՝ առնվազն 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը սոցիալական ցանցերում նշել է, որ միջադեպը ոչ միայն բռնության, այլև կազմակերպչական թերությունների հետևանք է։ Նա հաստատել է, որ մի շարք չիլիացիներ բուժօգնության կարիք են ունեցել, իսկ ոմանք ձերբակալվել են Արգենտինայի ոստիկանության կողմից։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խստորեն դատապարտել է միջադեպը․

«Ֆուտբոլում բռնության տեղ չկա։ Խաղացողները, երկրպագուներն ու պաշտոնյաները պետք է վայելեն խաղն առանց վախի։ Մեղավորները պետք է պատժվեն», – գրել է Ինֆանտինոն։
Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL) դեռ որոշում չի կայացրել խաղի ճակատագրի վերաբերյալ։ Մարզադաշտում հերթապահում էր մոտ 650 ոստիկան, սակայն տեղական մամուլը նշում է, որ նրանց մեծ մասը չի միջամտել՝ սպասելով կոնֆեդերացիայի հրահանգներին։

Արդյունքում խաղը չավարտվեց, իսկ Ավելանեդայի բախումները դարձան Հարավամերիկյան գավաթի պատմության ամենամեծ սկանդալներից մեկը։

Նմանատիպ նյութեր