211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները և «Nissan»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count39205 դիտում article-date 09:55 12-08-2025
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, դասակի հրամանատարի տեղակալ, Գրիգոր Մաթևոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Ստեփանյանը և  կրտսեր պարեկ Տիգրան Ղազարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչագան Մովսիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայող է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել «Nissan»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+

Նմանատիպ նյութեր