211652_close_icon

Երևանում տականքը կամ տականքները թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի ծնողների «Chevrolet»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2581 դիտում article-date 17:28 11-07-2025
Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտոմեքենայի հերթական թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 8 շենքի բնակիչ ամուսինները իրենց առօրյա գործով տեղ գնալու նպատակով հայտնաբերել են, որ մուտքի մոտ կայանված, իրենց պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան թալանել են: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները գողացել են ավտոմեքենայի կողային հայելիները և «աբլիցովկաները»:
 
Արդեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր նորքի բաժնի հերթապահ խումբը: 
 
Գողության փաստով Նոր Նորքի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Գիվարգիզյանին: 

Տարոն Արթուրի Գիվարգիզյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: Երկար սպասված երեխա էր փոքրիկ Տարոնը, քանի որ ծնողները երկար ժամանակ երեխա չէին ունենում: Վաղ մանկությունից Տարոնը աչքի էր ընկնում իր վառ երևակայությամբ, և մեծ հետաքրքրասիրությամբ: Ընդունակ էր, խելացի, պրպտող ու խորունկ աչքերով: Մինչև երրորդ դասարանը սովորել է տեղի՝ Սուրենավանի միջնակարգ դպրոցում, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան, և ուսումը շարունակել է Երևանի թիվ 134 հիմնական, այնուհետև Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում:

Հատկանշական է, որ սեփական նախաձեռնությամբ Տարոնը, 12-րդ դասարանը չավարտած, կամավորագրվում և համալրում է հայկական բանակի շարքերը: Եվ դրա խոսուն ու վառ ապացույցը նրա ավարտական վկայականի լուսանկարն է. բոլորը աշակերտական ձյունաթույր, սպիտակ վերնաշապիկով են, այնինչ հեռվից հեռու աչքի է զարնում  Տարոնի զինվորական համազգեստով լուսանկարը: Ծառայության ժամանակ ստանալով ոտքի ծանր վնասվածք, որն անհամատեղելի էր ծառայությունը շարունակելու հետ՝ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն նրա ՝ հայրենիքին պարտքը տալու ձգտումը շարունակվում է իր սրտի և հոգու ամենանվիրական անկյունում բաբախել՝ հանգիստ չտալով մեր հերոսին: Կարծես սպասում էր ճիշտ և հարմար պահին:

Պահը չուշացավ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի լուրն առնելով՝ վաղ առավոտից Տարոնը մտատանջումների մեջ էր: Մոր՝ տիկին Լաուրայի դրած նախաճաշը մի կողմ հրելով՝ բոլորից թաքուն շտապում է զինկոմիսարիատ անդամագրվելու: Բայց ոտքի վնասվածքի պատճառով ստանում է մերժում: Մերժումը, սակայն, չի հանդիսանում խոչընդոտ մերօրյա հերոսի մտահղացումն  իրականացնելու համար: Հենց այստեղ է, որ Տարոնի մոտ ի հայտ են գալիս վաղ տարիքից տարբեր սպորտային և երաժշտական (բռնցքամարտ, կարատե, դաշնամուր , սինթեզ) խմբակներ այցելելու արդյունքում ձևավորված բնավորության հստակ գծերը ՝ նպատակասլացություն, հաղթանակի ձգտում և սկսածը ավարտին հասցնելու կամք: <<Աշխարհազոր>> ջոկատի հետ Տարոնը, բոլորից գաղտնի պահելով վնասվածք ունենալու հանգամանքը, թաքնվելով ավտոբուսի նստատեղի հետևում, սեպտեմբերի 29-ին մեկնում է Արցախ: Հայրենիքի սահմանները վտանգված էին:  Հայրենի հողը պաշտպանելու իր վաղեմի երազանքն ի կատար ածելու պահը հասունացել էր առավել, քան երբևէ: Մասնակցել է Ֆիզուլիի, Հադրութի և Մարտունու պաշտպանության ամենաթեժ մարտերին: Մարտերի ընթացքում նույնիսկ ամենածանր պահին պահպանել է իր մարդկային նկարագիրը ու տեսակը՝ իր  նոր զինվորական կոշիկները փոխելով ժամկետային զինծառայողի մաշված կոշիկների հետ: Մարդկային արժեքներ, որոնք սերմանվել էին Տարոնի մեջ նաև եկեղեցու հետ սերտ կապեր ունենալու արդյունքում:

Տարոնը  մեծ սեր ուներ դեպի հոգևորը, Հայ Առաքելական եկեղեցին: 2016-ի գարնանը, ծանոթանալով Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի հետ, որոշեց առավել ամրապնդվել եկեղեցում: Նույն թվականին նա դարձավ տվյալ եկեղեցու <<Որդիք Լուսոյ>> երիտասարդաց միության անդամ և նախանձախնդիր կերպով լծվեց եկեղեցական ծառայությանը: Կարճ ժամանակ անց Տարոնին արտոնվեց կրել դպրական շապիկ և խորան բարձրանալ: Նա կազմակերպվող ուխտագնացությունների ակտիվ մասնակից էր: Մեծ սիրով և պատասխանատվությամբ ստանձնել է համայնքի որոշ անդամների զավակների կնքահայր լինելու դերը և մեծ պատվով կատարել այն: Եկեղեցում ամեն տարի կազմակերպվող <<Տիրամոր Մակունք>> ճամբարի ժամանակ մեծ պատրաստակամությամբ օգտակար էր լինում կազմակերպչական հարցերում: Սերտ կապված էր նաև Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցու համայնքի հետ, նրա խոստովանահայրը  տեղի հոգևոր հովիվն էր:
2017 թվականից սկսած ՝ Տարոնը ՝ որպես ուխտավոր,  մեծ սիրով այցելում էր Տաթևի վանք և այնտեղ դարձել  էր սպասված հյուր: 

Տարոն Գիվարգիզյանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրված, իր ողջ կյանքն Աստծո ծառայությանն ընծայած բացառիկ հայ երիտասարդ էր:

Այն, որ Տարոնը կամավոր կերպով իր կյանքը արիաբար նվիրեց հայրենիքին ու անմահացավ սերունդների  համար, անխոս անհերքելի ճշմարտություն է: 

Տարոնը <<կենդանի օրինակ>> է, հպարտանալու առիթ։ 

Այսօրվա սերունդը Տարոնի և մերօրյա անմահների կյանքի գնով պարտավոր է  արժանապատիվ ապրելու նվիրական խոստում տալ ....


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր