211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում․ «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, այնուհետև բախվել քարե պարսպին, կոտրել այն և կողաշրջվել․ երեխան տեղում մահացել է․ կա վիրավոր․ տեղում է Թալինի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2341 դիտում article-date 17:47 21-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական  ջոկատի փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել, ով այնուհետև տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարեն Մեխակյանը և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը: 
 
Դեպքի մաիսն ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր