211652_close_icon

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթարի պատճառ․ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղում զանգահարեց Տիգրան Ավինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8746 դիտում article-date 21:59 21-11-2025
Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը կատարվում է ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։ Ողջունելի է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։

Ավելին` այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված` Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։ Քիչ առաջ նշված վայրով իր ավտոմեքենայով անցնում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը, որը, ի դեպ, ամրակապված էր։ Նա հենց տեղում կապվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի վերջինս իր հսկողության տակ վերցնի և արագ վերացնի վարորդների համար պատուհաս ու խոչընդոտ դարձած փոսը։

Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկներն ու քաղաքացիները հարցի ժամանակավոր լուծում գտան՝ անվադողի վրա փաթաթեցին ոստիկանության լուսանդրադարձող ժապավեն և տեղադրեցին փոսի վրա, իսկ պարեկներն էլ այդ հատվածում կիրականացնեն ծառայություն, մինչև Երևանի քաղաքապետարանը խնդիրը կվերացնի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր