211652_close_icon

Հերթական ավտովթարը՝ Կոտայքի մարզում. բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն. կա վիրավոր. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count403 դիտում article-date 11:55 21-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած վայրում, բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և գումարրտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գրիգոր Մաթևոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում  է ավտոմեքենայի սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում թե՛ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը արդեն 1 տարուց ավելի է՝ ոչ մի աշխատանք չի ձեռնարկում՝ այս հատվածը կահավորելու, անհրաժեշտ երկաթե արգելապատնեշներ տեղադրելու ուղղությամբ ու ամեն անգամ այս վայրում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք մի քանի դեպքեր եղել են՝ ողբերգական ելքով: 
 
Արդյոք երբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը արջի քնից դուրս կգա և իրական աշխատանքներ կկատարի՝ այս հատվածում, դա երևի միայն իրենց է հայտնի, բայց ամեն անգամ նման վթարներից հետո ժողովուրդը ամենավերջին խոսքերն է ուղղում նրանց հասցեին: 

Լուսանկաներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր