211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկի» հարևանությամբ պայթյուն-հրդեհ է բռնկվել «Kia»-ում. կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count7162 դիտում article-date 15:17 29-06-2025
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Ալիխանյան եղբայրներ փողոցում՝ ժողովրդին հայտնի ֆիզիկայի ինստիտուտի «գարադոկում», դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է առաջացել «Kia» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավտոմեքենան էլ պայթյունի վայրից մոտ 25 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել կանաչ գազոնում։

Վարորդը այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ասատրյանը, Արթուր Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ավագ տեսուչ Ռազմիկ Այվազյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ Արթուր Պապոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր