211652_close_icon

Աբովյան քաղաքում նշվեց Հայրենականի հաղթանակի 80-ամյակը․ բազմահազարանոց երթը առաջնորդում էին Կոտայքի մարզպետն ու քաղաքապետը, ովքեր ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին և Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հուշահամալիրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11099 դիտում article-date 19:37 09-05-2025
Այսօր՝ մայիսի 9-ին, Աբովյան քաղաքում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աբովյանցիները նախ ներկա գտնվեցին Աբովյանի համայնքապետարանի դիմացի այգում տեղի ունեցած համերգային ծրագրին, որից հետո նվագախմբի ուղեկցությամբ քայլերթով մեկնեցին Անմար կրակ հուշամահալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր հերոսների հիշատակը։

Միջոցառումներին ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, մեծ թվով հյուրեր, զինվորականներ, Արցախյան պարերազմների վետերաններ, հերոսածին մայրեր, հայրենական մեծ պատերազմի վետերանների երեխաներ, թոռներ, և աբովյանցիներ։

Կոտայքի մարզպետ Ա․ Սահակյանի և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Է․ Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցավ քայլերթ, որի երկարությունը ձգվում էր մոտ 1 կմ և այն ընթանում էր ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նվագախմբի ուղեկցությամբ։ Քայլերթից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, այլ նաև Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, հերոս դարձաձ աբովյանցիների հիշատակին՝ Աբովյանի քաղաքապետարանի կողմից տարիներ առաջ կառուցված հուշահամալիրում։

Տոնական միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ երգերով, պարերով հանդես եկան ինչպես Աբովյան քաղաքի, այնպես էլ Աբովյան խոշորացված համայնքի վարչական շրջաններում գործող մշակույթի կենտրոնների սաներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ աբովյանցիներ նշում էին․

«Այսօրվա միջոցառումը գալիս է ապացուցելու, որ Աբովյանի քաղաքապետը բարձր է գնահատում մեր հերոսների սխրանքը ու աբովյանցիներս միշտ հիշում ու խոնարհվում ենք այն հերոսների առջև, ովքեր թե ֆաշիզմի դեմ պայքարում, թե Արցախյան բոլոր պատերազմներում տվել են իրենց համար ամենաթանկը՝ կյանքը, իսկ մենք էլ ի լուր աշխարհի ասում ենք՝ տղերք, մենք ձեզ բացակա չենք դնի»։ 

Երթի մասնակիցիների անվտանգությունը տեղում ապահովում էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Իր շնորհավորանքի ուղերձում Է․ Բաբայանը նշել է․

«Մայիսի 9-ը հայոց պատմության ամենահիշարժան ու փառահեղ էջերից է. տարբեր ժամանակներում հենց այս օրը հայությունը իրեն հատուկ արիությամբ, անվեհեր ոգով ու անկոտրում կամքով կերտել է վճռորոշ ու պատմական հաղթանակներ: 

Չնայած վերջին տարիների ցավալի շրջադարձերին՝ Մայիսի 9-ը մենք շարունակում ենք հիշատակել որպես եռատոն՝ պահպանելով օրվա վեհ խորհուրդը և հավատալով մայիսյան հաղթանակների վերածննդին: Այսօր հպարտությամբ հիշատակում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, 1992 թվականին հրաշագեղ Շուշի քաղաքի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման մասին:

Ֆաշիզմի դեմ պատերազմում և Արցախյան ազատամարտում հաղթանակի ճանապարհը մենք անցել ենք պատվով, աննահանջ պայքարով, բայց և անդառնալի կորուստների ու արյան գնով: Առաջնահերթ ուզում եմ խոնարհումով հարգենք հանուն հայրենիքի մարտերում զոհված հայորդիների հիշատակը: 

Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ. 

Կարևորելով յուրաքանչյուրիդ անգնահատելի ներդրումը՝ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որը ձեռք է բերվել նաև հայ ազգի անուրանալի մասնակցության, շուրջ 600 000 հայերի անձնվեր պայքարի, մեծանուն հայ հրամանատարների ու մարշալների նշանակալից ավանդի շնորհիվ: 

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալ լինենք Արցախյան ազատամարտում մայիսյան հաղթական դրվագներ կերտած ազատամարտիկներին, որոնց սխրանքները մեզ համար շարունակում են մնալ ուղենիշ և հայրենասիրության վառ օրինակ:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հաղթանակի, ազատության և խաղաղության տոնը մեզ համար թանկ ու կարևոր խորհուրդ ունի, այն վաստակել ենք կյանքերի գնով, և այսօր էլ շարունակում ենք պահել բազում խոչընդոտներով, պայքարով. միաժամանակ Արցախ աշխարհում հայոց եռագույնը կրկին ծածանելու լուսավոր տեսլականով: Ուստի մաղթում եմ բոլորիս տոկունություն, համախմբում, ազգային ներուժի կենտրոնացում՝ հանուն մայիսյան հաղթանակների վերականգնման և ամբողջական հայրենիքի ամրապնդման»:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր