211652_close_icon

Պայթյուն՝ Երևանի կենտրոնում. Մարտիրոս Սարյանի թանգարանի դիմաց ավտոմեքենայում գազաբալոն է պայթել. վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5». նախնական տեղեկություններով՝ կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count28313 դիտում article-date 19:50 01-05-2025
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

Այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։

«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ,  այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահին պարեկները պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Տրասգազ Երևանի ԳԳՄ-ից, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը ավտոմեքենայի գազաբալոնից է, գազաբալոնների մեկն ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «բացվել» է, 2-ն էլ շպրտվել են դուրս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր