211652_close_icon
views-count4416 դիտում article-date 21:23 25-02-2025

Պարզվել է Երևանի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում շտապօգնության բժիշկների նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց ինքնությունը. դեպքի վայր է ժամանել Կենտրոնականի ոստիկանապետը

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում խուլիգանություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը ստանալուց հետո քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության փաստով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամը 23:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։30-ի սահմաններում Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք հարձակվել են շտապօգնության աշխատակիցների վրա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզում հաշվառված 37-ամյա Գագիկ Միսակյանին և Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Շավարշ Ասատրյանին։

Անձնական խուզարկությամբ Գ. Միսակյանի մոտ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգավածով, ընդհանուր 6.2 գրամ երկու փաթեթ՝ դեղնականաչավուն զանգավածով, իսկ Շ. Ասատրյանի մոտ հայտնաբերվել է ընդանուր 0.4 գրամ դեղնականաչավուն զանգվաված։

Նշված անձինք ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր