211652_close_icon
views-count53926 դիտում article-date 09:43 10-02-2025

Արտակարգ դեպք՝ Սևան քաղաքում. «Lada Priora»-ում պայթյուն է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ժամանել են մարզի քրեական և քննչական վարչության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել և կա տուժած քաղաքացի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Սանթուր Դուրգարյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ կժամանեին ոստիկաններն ու փրկարարները, «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում ու նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը: 
 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Յուրի Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «թիկնային, գոտկային և գլուետալ շրջանների բազմակի բեկորային վնասվածքներ, թափանցող հարցականով» վնասվածքներ ախտորոշմամբ: 
 
Դեպքի վայրում հայտնբերվում է «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ վնասված ավտոմեքենայի կողքին հայտնբերվում են արնանման հետքեր, կոտրված ապակիներ:
 
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում Նաիրյան 181/1 հասցեում գտնվող խանութի դիմաց իրեն պատկանող «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվել է իր ծանոթի հետ: Յու. Կապարպետյանը եղել է ղեկին նստած, իսկ ծանոթը՝ հետևում:
 
Ավտոմեքենայի մեջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Յու. Կարապետյանը ավտոմեքենայի մեջ՝ ձախ հատվածում եղած նռնակը վերցրել ու սպառնացել է, որ կպայթեցնի: 

Ավտոմեքենայում գտնվողը երբ փորձել է իջնել ավտոմեքենայից, Յու. Կարապետյանը փորձել է նրան բռնել, և այդ պահին նռնակն ընկել է նրա ձեռքից, ավտոմեքենայի մեջ գտնվող քաղաքացին էլ իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Յու. Կարապետյանը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

Տեղում աշխատել են նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետները: 
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր