211652_close_icon
views-count8287 դիտում article-date 12:13 27-01-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում. վիրավորին առաջինը օգնության են հասել ԲԴԽ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգու առաջինը օգնության են հասել Դատական դեպարտամենտի կարգադրիչների ստորաբաժանման ԲԴԽ շենքում ծառայություն կատարող ԲԴԽ կարգադրիչների պետ Արմեն Գրիգորյանը և կարգադրիչներ Դավիթ Եղիազարյանն ու Արթուր Ալեքսանյանը: 

Ընթացքում կարգադրիչները ահազանգել են «1-03» ու մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին, ով կին է եղել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարորության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Հախնազարյանն ու Սերոբ Չրաղյանը:
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ քննիչի գլխավորությամբ, ով հետո ժամանելու է դեպքի վայր: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային: 

Բարեբախտաբար «BMW»-ի վարորդը չի տուժել: 
 
Քննչական բաժինը պարզում է «Chevrolet»-ի` հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր