211652_close_icon
views-count2716 դիտում article-date 15:05 23-11-2024

«Նոան» հավակնոտ ակումբ է, որը խնդիրներ է լուծում․ Արտյոմ Ավանեսյան

«Նոայի» կիսպաշտպան Արտյոմ Ավանեսյանն ակումբի մամուլի ծառայության հատուկ շարքում խոսել է ֆուտբոլային կարիերան սկսելու, «Նոա» տեղափոխության ու այլ թեմաների մասին։

«Ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում: Մայրս ռուս է, հայրս՝ հայ՝ Ստեփանակերտից: Կարիերաս շատ հետաքրքիր է սկսվել. մանկուց՝ 5-6 տարեկանից, ես խաղում էի բոլոր այն արկղերով, որոնք կային իմ հարազատ քաղաքի՝ Ժելեզնոդորոժնիի մեր բակում:

Մայրական կողմի պապիկիս հետ մենք գրեթե ամեն օր դուրս էինք գալիս բակ ու ամբողջ ժամանակ խաղում էինք այդ արկղերով: Նա պաշտպանում էր դարպասը, տեղացիները նրան Բուֆոն էին անվանում:

Մենք մշտապես խաղում էինք, խաղում էինք, բայց ծնողներս չէին ցանկանում, որ ես  զբաղվեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, ոչ թե չէին ցանկանում, այլ պարզապես, երևի, ժամանակն էր քիչ, կամ՝ այլ պատճառ կար:

Եվ այդպես, մի օր, երբ ես, եթե չեմ սխալվում, 8 տարեկան էի, և մենք կրկին դուրս էինք եկել բակ խաղալու արկղերով, պապիկիս ասացի՝ արի գնանք ու գրանցվեմ ֆուտբոլի մարզումներին: Միասին գնացինք՝ առանց որևէ մեկին ասելու, ու ինձ գրանցեցինք ֆուտբոլի մարզումների տեղական թիմում, որը «Օլիմպ» էր կոչվում:
Եկանք տուն ու ծնողներիս ասացինք, որ գրանցվել եմ ֆուտբոլի ու վաղը մարզում ունեմ: Նրանք, իհարկե, շոկի մեջ էին, բայց համակերպվեցին: Այդպես էլ ընթացավ իմ կարիերան:

Մի օր ինձ զանգահարեց գործակալն ու ասաց, որ «Նոան» հետաքրքրված է իմ ծառայություններով, և թե ես ինչ եմ մտածում այդ մասին ու հետագա ինչ ծրագրեր ունեմ: Ասացի՝ «այո, ինչո՞ւ՝ ոչ»: Ինձ միանգամից պատմեցին նախագծի մասին. Սա հավակնոտ ակումբ է, որը խնդիրներ է լուծում։

Ես հիշում եմ ակումբը դեռ նախորդ մրցաշրջանից։ Ակումբը միգուցե այնպիսին չէր, ինչպիսին այսօր է, բայց արդեն ձգտում էր դրան, գնում էր այդ ուղով։

Առաջին տպավորությունը, երբ եկա առաջին մարզմանը, այն ժամանակ դեռ գլխավոր մարզիչը թիմում չէր, նրա օգնականն էր այնտեղ, ես տեսա խաղադաշտի որակը, ակադեմիան, ինչպես է ամեն ինչ կառուցվում, ինչպես են պրոֆեսիոնալ վերաբերունք ցուցաբերում։
 
Նույնիսկ անձնակազմի առումով, բժշկական շտաբը, ադմինիստրացիան, թիմի պետը՝ ինչպես են նրանք աշխատում, միանգամից հասկանալի էր, որ այստեղ հավաքվել են պրոֆեսիոնալ մասնագետներ և այս ակումբը պետք է լուծի մեծ առաջադրանքներ։

Երբ իմացանք առաջին մեր մրցակցին եվրագավաթներում, իհարկե, ոչ թե կասկածում էինք, այլ անորոշություն էր, թե ինչ է սպասվում թիմին։

Թիմը նոր էր հավաքվել, երևում էր, որ ֆուտբոլիստները որակյալ են, մարզիչը լավն է․ այսինքն, մենք ունեինք բոլոր հիմքերը, որպեսզի առաջ գնայինք։

Ես, օբյեկտիվորեն, վստահ էի, որ կարող էինք։ Որովհետև եթե մարդիկ կողքից տեսնեին, թե ինչպես ենք մարզվում և ինչպես մոտենում հանդիպմանը, ոչ ոքի մոտ հարց չէր առաջանա՝ ինչպես կարողացանք հաղթահարել «Շկենդիայի», ԱԵԿ-ի և մյուս ակումբների արգելքը։

Ես աշխատել եմ տարբեր թիմերում, և այն, ինչ տեսնում եմ այստեղ՝ այս համախմբվածությունը, կատակները հանդերձարանում, խոսակցությունները, բոլորը նույն ալիքի վրա են, կարևոր չէ, խոսո՞ւմ ես անգլերեն, թե՞՝ ոչ, ես, օրինակ, չեմ խոսում անգլերեն, բայց հասկանում եմ ամեն ինչ, կարող եմ ինչ-որ բան ասել և կհասկանան, և եթե նույնիսկ սխալ բան ասեմ, միևնույն է՝ կհասկանան։

Այս կապը կա թիմում, կա դրական ոգին։ Կնշեմ Գոնսալոյին, մեր կենտրոնական պաշտպանին, նայում եք նրան, կարծես թե նա 34-35 տարեկան է, բայց երբ նայում եք նրան, կարելի է մի քիչ նախանձել նրա ֆիզպատրաստվածությանը։

Եվ դա հենց այնպես չէ, ես կցանկանայի, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն օրինակ վերցնեին նրանից, որովհետև նա նախատեսվածից շուտ է գալիս մարզումներին, նա միշտ մարզադահլիճում է։

Դու կարող ես գալ մարզադահլիճ, ինչպես են Ռոնալդուի մասին ասում, ես չեմ համեմատի նրանց, բայց երբ Ռոնալդուի մասին էին ասում՝ երբ գալիս ես մարզադահլիճ, նա այնտեղ է, նույնը կարող եմ ասել նրա մասին։ Երբ էլ մտնես մարզադահլիճ՝ նա այնտեղ է։ Եվ մարզումներից հետո էլ է նա այնտեղ։ Նույնը Միլկովիչը, նա ևս պրոֆեսիոնալ է, և ես ցանկանում եմ, որ մեր հայ երիտասարդ ֆուտբոլիստները ձգտեն այդ մակարդակին, հետևեն նրանց, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում։

Կցանկանայի նշել նաև «Նոայի» երկրպագուներին․ որտեղ էլ լինենք, որ երկիր էլ մեկնենք, կա ահռելի աջակցություն։ Նույնիսկ Անգլիայում, 38000 հանդիսական տրիբունայում, դու պետք է որ ոչ մեկին չլսես, միայն տեսնես գնդակը, բայց ամեն 5 րոպեն լսվում էր՝ «Նոա՜», «Նոա՜»․․․ Եվ դու դա լսում ես, ամբողջ մարզադաշտը․․․Նաև հանդիպեցի վիդեոների, որտեղ նրանք վիճում էին անգլիացի երկրպագուների հետ, ինչ-որ բան էին ասում։ Այդ ամենն արժեքավոր է մեզ համար և մենք շատ ենք գնահատում մեր երկրպագուներին այդ ամենի համար։ Ես ինքս շատ շնորհակալ եմ այդ աջակցության համար, որը մեզ ցուցաբերում են։ Ես չեմ նշում միայն եվրագավաթները, թեկուզ մեր առաջնության հանդիպումները, միևնույն է նորմալ քանակությամբ երկրպագուներ են գալիս, և դա խթան է հանդիսանում առաջ շարժվելու»,- ասել է Ավանեսյանը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր