211652_close_icon
views-count1783 դիտում article-date 11:56 16-11-2024

Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները

Այս տարվա 10 ամիսներին պարեկային ծառայության աշխատանքի ամփոփումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում և մարզերում արդյունքների ամփոփմանը մասնակցում են ոչ միայն պարեկային ծառայողները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ:

Այս անգամ հերթը Կոտայքի մարզինն էր: Աշխատանքի վերլուծություն ու գնահատում, նոր հանձնարարականներ ու քննարկում. նոյեմբերի 13-ին Կոտայքի գումարտակի պարեկների հետ հանդիպման ընթացքում Արթուր Խուդինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ծառայությունը լավագույնս իրականացրած պարեկներին, միաժամանակ տալով համապատասխան հրահանգներ՝ ուղղված ծառայության որակի լավարկմանը:

Պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության: Թիրախում բոլոր իրավախախտներն են, մասնավորապես՝ չամրակապված, արագությունը գերազանցող, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում կամ մգեցված ապակիներով վարող, հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող, ինչպես նաև առանց հատուկ հարմարանքի երեխաներին տեղափոխող վարորդները:

Կոտայքի գումարտակի պարեկները այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 3-ը կազմել են չամրակապված վարելու 22.536 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 14.516, վարելու ընթացքում հեռախոս օգտագործելու 3321 արձանագրություն, անցած տարի` 1911, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 2110, նախորդի 1706-ի դիմաց, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու 1414 արձանագրություն, անցած տարվա 1233-ի համեմատ և առանց քարսիթի երեխային տեղափոխելու 784 արձանագրություն, 483-ի համեմատությամբ:

«Պարեկային ծառայությունը նաև ուշադրություն է դարձնում հանցագործությունների բացահայտման, կանխարգելման աշխատանքներին: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում թմրամիջոցի ապօրինի շրջանառության, ապօրինի զենք-զինամթերքի պահման, բացահայտման աշխատանքներին»-, նշում է Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը:

Արթուր Խուդինյանն ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հանդիպում են ունեցել նաև մարզի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանրության ապահովման տեսանկյունից ճանապարհատրանսպորտային պատահարների և այլ իրավախախտումների նվազեցմանն ուղղված քննարկման ընթացքում պարեկային ծառայության պետն ընդգծել է հասարակություն-ոստիկանություն սերտ կապի անհրաժեշտությունը:

Արթուր Խուդինյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, առաջարկել խնդիրների լուծման տարբերակներ, պատրաստակամություն հայտնել ընթացք տալ ծառայության որակի լավարկմանն ուղղված առաջարկներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր