211652_close_icon
views-count1144 դիտում article-date 11:48 10-11-2026

«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ.Պ.-ն հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ հանգուցյալ Մ.Պ.-ի որդին, իր հերթին ձեռք է բերել և պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ կարգավիճակ, որից բխող ազդեցությունն օգտագործելով ներգրավվել է այլ անձանց միջև ծագած վեճերի լուծման գործընթացներում՝ հետապնդելով անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակ։

Մասնավորապես, պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին վերջինս, տեղեկանալով երկու անձանց միջև գումարային պարտավորությունների շուրջ առաջացած վիճաբանության մասին, իր մտերիմ Կ.Ղ.-ի միջնորդությամբ ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններով։

Այդ նպատակով նա հեռախոսային խոսակցություններ է ունեցել վիճաբանության մասնակիցների և այլ անձանց հետ, օգտագործել իր հեղինակությունն ու ազդեցությունը, ինչպես նաև հայտնել անհրաժեշտության դեպքում իր հետ մտերիմ բազմաթիվ անձանց ներգրավելու պատրաստակամության մասին։

Նշված գործողությունների դիմաց Գ.Պ.-ն պահանջել է 3 հզր 500 ԱՄՆ դոլար, որը, ըստ նախաքննության տվյալների, ստացել է տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան նշված գումարի չափով էժան ձեռք բերելու եղանակով։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մեկ այլ դրվագով նույն անձը, տեղեկանալով քաղաքացու անձնական կյանքին վերաբերող հանգամանքների մասին, նրան ենթարկել է ծեծի, ապա այդ տեղեկություններն այլ անձանց չհայտնելու և հետագա խնդիրներից զերծ պահելու պատրվակով վերջինիս եղբորից պահանջել է 2 մլն ՀՀ դրամ։ Հետագայում պահանջված գումարը նվազեցվել է՝ հասնելով 2 հզր ԱՄՆ դոլարի:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խոշոր չափերով շորթումը), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։

Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել էր 2025թ․ հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արարատի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել էին, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։

Պարզվել էր, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել էր նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։

Բարեբախտաբար, վերջիններս չէին տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել էր զրահապատ։

Իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել էր Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։

Ոստիկաններն ու քննիչները փորձում էին պարզել «Opel»-ի սեփականատիրոջ ինքնությունը ու արդյոք այն հանցագործությունը կատարելուց առաջ գողացե՞լ էին, թե՞ այն եղել էր խոտանված։

Ոստիկանները ու քննիչները ունեին հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ուներ «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր